Հանուն «սրբազան» նպատակի՝ Փաշինյանը զոհաբերում է Հայաստանը

Ռեալիզմի դիրքերից դիտարկենք, թե ինչ մեզ տվեց, այսպես կոչված, բրյուսելյան հարթակը:
Անցած տարվա հոկտեմբերի 6-ին ստորագրվեց, այսպես կոչված, Պրահայի քառակողմ հայտարարությունը, որով հակամարտության երկու կողմերից մեկը՝ Հայաստանը, ճանաչեց ԼՂ պատկանելիությունը Ադրբեջանին: ԼՂ խնդիրը դարձավ Ադրբեջանի «ներքին հարց», ինչից կարճ ժամանակ հետո Արցախը շրջափակվեց ու այս պատմությունն իր ողբերգական ավարտին հասավ այս տարվա սեպտեմբերի 19-20-ին:
Օրերս Գրանադայում դարձյալ տեղի ունեցավ քառակողմ հայտարարություն:
Նոր հայտարարության «առանձնահատկությունն» այն է, որ դրան Ալիևը չի մասնակցել՝ թողնելով, որ այս անգամ Փաշինյանը միակողմանի պարտավորություններ ու պատասխանատվություն ստանձնի:
Դրան անմիջապես հաջորդեց Ալիևի հավակնոտ հայտարարությունը անկլավների մասին: Ադրբեջանի նախագահը հիշեցրել է 8 գյուղերի մասին՝ շեշտելով՝ «դրանք դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ», ապա ընդգծել «դրանց ազատագրման կարևորությունը»։
Գրանադայի հայտարարության ողբերգական հետևանքն էլ է կանխատեսելի:
Այս «հաղթական» դիվանագիտությունը Փաշինյանը երկու նպատակով է իրականացնում՝ սեփական իշխանության երկարաձգում և «ռուսական լծից Հայաստանի ազատագրում»:
Վերջում կարող է պարզվել, որ հանուն այդ երկու «սրբազան» նպատակի՝ Փաշինյանը զոհաբերում է Հայաստանը:
Վահրամ Բագրատյան