ՌԴ մետաղագործական խոշոր ընկերությունը ներկայացուցչություն կբացի ՀՀ–ում

ՌԴ մետաղագործական խոշոր ընկերությունը ներկայացուցչություն կբացի ՀՀ–ում

Քաղաքաշինության կոմիտեում մայիսի 29-ին հյուրընկալել են ռուսաստանյան «Новосталь-М» մետաղագործական խոշոր ընկերության պատվիրակությանը: Հանդիպմանը կոմիտեի պատասխանատուներից բացի ներկա են եղել նաև Հայաստանի շինարարների միության ներկայացուցիչները: Քննարկվել է Հայաստանի շինարարության ոլորտում ընկերության ներգրավմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ընկերության սեփականատեր Իվան Դեմչենկոն տեղեկացրել է, որ շինարարական պողպատից իրենց արտադրատեսակները, ամրանները ներկայացված են աշխարհի ավելի քան 70 երկրում: Հայաստանյան շուկայում 5 տարվա միջնորդավորված աշխատանքից հետո մտադիր են այստեղ ընկերության ներկայացուցչություն բացել:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կարևորել է ընկերության հետաքրքրվածությունը հայաստանյան շինարարության ոլորտով և բնագավառի ներկայացուցիչների հետ հանդիպման միջոցով գործակցության ուղիների նախանշումը: Արմեն Ղուլարյանը հյուրերին ծանոթացրել է քաղաքաշինության բնագավառը կանոնակարգող օրենսդրությանը, վերջին տարիներին մշակված և արդիականացված շինարարական նորմերին, որոնք առնչվում են ընկերության արտադրատեսակներին: Դիտարկվել են նաև առավել հաճախ կիրառվող կոնստրուկցիաներն ու շինարարական արտադրատեսակները՝ հաշվի առնելով երկրաշարժադիմացկունության տեսանկյունից նորմերով սահմանված խիստ պահանջները: 

Անդրադառնալով երկրում ընթացող լայնածավալ շինարարական ծրագրերին, մասնավորապես՝ դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների և ջրամբարների կառուցմանը՝ դիտարկվել են գործընթացներում ընկերության ներգրավման հնարավորությունները: Իվան Դեմչենկոն ընդգծել է իրենց հետաքրքրվածությունը՝ Հայաստանում իրագործելու ներդրումային բաղադրիչով ծրագրեր ինչպես բնակարանաշինության, այնպես էլ ենթակառուցվածքների շինարարության բնագավառում:

Կողմերը երկուստեք արդյունավետ են համարել հանդիպումը և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը: