Արցախցի մարզիկը հաղթեց թուրք բռնցքամարտիկին. վաղը մրցակիցը Ադրբեջանից է

Արցախցի մարզիկը հաղթեց թուրք բռնցքամարտիկին. վաղը մրցակիցը Ադրբեջանից է

Արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առուստամյանը, Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ներկայացնելով Հայաստանը, հաղթել է թուրք մարզիկին։ Նրա մարզիչ Նարեկ Աբրահամյանը MediaHub-ին փոխանցեց, որ արդեն 5-րդ տարին Էրիկն իր տարիքային ու քաշային խմբում համարվում է Հայաստանի առաջատար բռնցքամարտիկներից մեկը։ 

«Նախքան առաջնությունը Հայաստանում նա անցել է նախապատրաստման կարևորագույն փուլը։ Այստեղ լավ պատրաստված մարզիկներ կան, բայց 57 կգ քաշային կարգում 1/4 եզրափակիչում տեխնիկական նոկաուտով նա պարտության մատնեց թուրք բռնցքամարտիկ Չաղրի Ֆիդանին։ Իսկ դրանից առաջ՝ Վրաստանի, Լատվիայի բռնցքամարտիկներին»,- նշեց վաստակավոր մարզիչը։ 

Բուդվայի առաջնությունում 3 մարտը հաղթելուց հետո Էրիկ Առուստամյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Վաղը նրա հաջորդ մրցակիցը լինելու է ադրբեջանցի Թաղի Նասիբովը, որը հաղթել է լիտվացի Մատաս Գրիգորիանասին։

«Վաղը չափազանց կարևոր ու պատասխանատու օր է մեզ համար։ Հույս ունեմ, որ այդ մարտը ևս պատվով կհաղթահարենք՝ վաստակելով չեմպիոնի տիտղոսը»,- հավելեց Նարեկ Աբրահամյանը։

Հունան Թադևոսյան