Մանր մարդիկ են. Աշոտյանին զրկել են ընտանիքին տեսնելու հնարավորությունից ու հաճույք են ստանում

Մանր մարդիկ են. Աշոտյանին զրկել են ընտանիքին տեսնելու հնարավորությունից ու հաճույք են ստանում

Մենք ապրում ենք ազգային աղետ, և այս դեպքում ինչ զարմանալի բան կա ապօրինի կալանավորման մեջ։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նրա խոսքով՝ երբ մեր հայրենիքը վաճառվել է, տղաները մսաղաց են գնացել ինչ-որ մեկի ֆինանսական վիճակը լավացնելու համար, ի՞նչ հետաքրքիր բան կա ապօրինի կալանավորման մեջ։

«Շատ ավելի ցավալի է, որ նման կերպարը կրկին ընտրվել է երկրի ղեկավար, ու այս ֆոնին մարդու անազատությունն այդքան էլ լուրջ թեմա չէ։ Պայքարը պետք է շարունակվի, և Արմեն Աշոտյանի գործն այդ պայքարի հանգրվաններից մեկն է։ Տեսեք, միշտ պետք է պատռել սրիկաների դիմակը։ Կոմունիստական իշխանությունը բոլորին խոստանում էր երջանկություն, բայց սպանում էր հազարավոր մարդկանց, որոնք չէին ուզում լինել երջանիկ։ Այդ միությունը քանդվեց, քանի որ ճշմարտությունը բացահայտվեց։ Հիմա էլ պետք է ճշմարտությունը բացի այս հակահիգիենիկ իշխանության դեմքը։ Ու Արմեն Աշոտյանն այն մարդկանցից է, որ դրան ուղղված քայլեր է անում»,- նշեց նա։

Տիգրան Աթանեսյանի դիտարկմամբ՝ Արմեն Աշոտյանի դատական գործը իրավական առումով խորը հոգեբանական խնդիրներ ունեցող մարդու մտքի արդյունք է, աբսուրդ։ 

«Արմեն Աշոտյանին մեղադրում են վատնման, փողերի լվացման ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Վատնումն այն է, որ գույքը անվերադարձ տարվում է։ Լիազորությունների չարաշահումն էլ ապօրինի հանձնարարություն տալն է այս դեպքում։ Իսկ գույքը, որի գնումն իրականացվել է Արմեն Աշոտյանի պաշտոնավարման ժամանակ, մինչ այս պահը գտնվում է նույն տեղում։ Ի՞նչ վատնում»,- նշեց նա։

Ըստ Աշոտյանի փաստաբանի՝ այս գործը քննվել է չորս տարի, ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն ոչինչ չէին գտել, գործը գնում էր կարճման, ապա Արգիշտի Քյարամյանին հանձնարարում են ամեն ինչ անել՝ Աշոտյանին մեղադրանք առաջադրելու համար։

«Բայց ի՞նչ կարելի էր այստեղ տեսնել, ո՞նց կարելի էր տեսնել։ Հավատացեք՝ Վանո Սիրադեղյանի ժամանակ ամեն ինչ շատ ավելի ազնիվ էր, երբ մարդու գրպանը զենք կամ պլան էին գցում։ Դե գոնե ազնվորեն ասում էին՝ ուզում ենք դու գնաս նստես։ Դա սրիկայություն էր, բայց շատ ավելի ազնիվ»,- նկատեց նա։

Տիգրան Աթանեսյանը վստահեցրեց՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ դասական քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Արմեն Աշոտյանը նոր տեսակի քաղաքական բանտարկյալ է, միայն շիտակ խոսքի համար»,- ասաց փաստաբանը։

Նա նկատեց՝ չկա այս իշխանության մեջ մի ինտելեկտուալ մարդ, որ կարողանա հակադարձել Արմեն Աշոտյանին, ուստի նրան ազատությունից զրկում են։

«Նրանք զնդանել են Արմենին՝ զրկելով ընտանիքին տեսնելու իրավունքից․ մանր մարդիկ են ու դրանից էլ են հաճույք ստանում»,- նշեց Տիգրան Աթանեսյանը։