Հարավային Կովկասը հետաքրքիր չի. բա էլ ինչի՞ համար է Փաշինյանը մեկնել Մյունխեն

Հարավային Կովկասը հետաքրքիր չի. բա էլ ինչի՞ համար է Փաշինյանը մեկնել Մյունխեն

Պարզվում է՝ Հայաստանը չի մասնակցի Հարավային Կովկասի անվտանգությանը նվիրված պանելային քննարկմանը, որը տեղի կունենա փետրվարի 18-ին Մյունխենի համաժողովի շրջանակներում:

Այս նախադասությունը թերևս որևէ զարմանալի բան իր մեջ չպարունակեր, եթե, ասենք, Հայաստանից որևէ մեկը Մյունխեն մեկնած չլիներ: Բայց, ինչպես գիտենք, Հայաստանից այս համաժողովին մասնակցելու մեկնել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև վերջինիս տիկինը՝ Աննա Հակոբյանը: 

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կմեկնի Մյունխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ Փաշինյանը, ով փաստացի Հայաստանի Հանրապետության ղեկավարն է, որը գտնվում է Հարավային Կովկասում, չի մասնակցի այդ տարածաշրջանին նվիրված քննարկմանը, առավել ևս, երբ Մյունխենում է:

MediaHub-ի հարցին ի պատասխան Փաշինյանի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը հնչեցրեց ավանդական պատասխանը.

«Այս պահին դեռևս չեմ կարող ասել: Եթե մասնակցելու լինի՝ կտեղեկացնենք»:

Նա կրկնեց այն, ինչ կար պաշտոնական հաղորդագրության մեջ՝ Փաշինյանը մասնակցելու է համաժողովի բացման արարողությանը, նաև նախատեսված են երկկորղմ հանդիպումներ:
Այլ կերպ ասած, կարող ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մյունխեն ոչ թե բուն համաժողովին ու անկայուն Հարավային Կովկասին նվիրված քննարկումներին մասնակցելու, այլ երկկողմ հանդիպումների համար: Իսկ ո՞ւմ հետ, մասնավորապես:

Ավելի վաղ այսօր MediaHub-ը նույն Խաչատրյանից հետաքրքրվել էր՝ քանի որ Իլհամ Ալիևը ևս Մյունխենում է, հնարավո՞ր է, որ Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի ունենա: Վերջինս, չդավաճանելով իրեն, պատասխանել էր. «Դեռ նման տեղեկություն չունեմ»։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի մասնակցությամբ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի էր ունեցել Փաշինյան- Ալիև հանդիպումը: Դրան մասնակցել էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Դեկտեմբերի յոթին նախատեսված հանդիպումը Փաշինյանի հետ Ալիևը չեղարկեց: Այսպիսով, հարցը դեռ ակտուալ է՝ կկայանա՞ Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպում:

Թեև... կա մի բան էլ՝ գուցե Փաշինյանին Հարավային Կովկասին նվիրված քննարկմանը ուղղակի չեն էլ հրավիրել: Ի վերջո, ինչի՞ հրավիրել մեկին, ով ոչինչ չի որոշում և ընդամենը կամակատար է այլոց ձեռքում:

Լիա Խոջոյան