Պետությունը կհոգա սեպտեմբերի 13-ից հետո զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսը

Սեպտեմբերի 13-ից հետո Ադրբեջանի հարձակումների հետևանքով զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը կհոգա պետությունը։
Ըստ այսօրվա Կառավարության չզեկցվող 18-րդ հարցի՝ զոհվածների ընտանիքներին հուղարկավորության ծախսը կտրամադրվի ոչ թե հուղարկավորությունից հետո 30 օրվա ընթացքում, ինչպես արվում է հիմա, այլ մինչ հուղարկավորությունը, քանի որ զոհվածի ընտանիքների մի մասը հուղարկավորման միջոցառման կազմակերպման համար ստիպված են լինում անհրաժեշտ գումարը ձեռք բերել պարտքով հարազատներից կամ այլ անձանցից, ինչպես նաև նշված հանգամանքը բացասաբար է անդրադառնում վերջիններիս բարոյահոգեբանական վիճակի վրա:
Որոշմամբ սահմանված 700.000 դրամի չափով հուղարկավորման ծախսերի հատուցումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին տրամադրել նախապես` մինչև հուղարկավորության կատարումը, ինչպես նաև որոշման գործողությունը տարածել 2022թ. սեպտեմբերի 13-ից ծագած հարաբերությունների վրա: