Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում, Ծնելիությունը նվազել է. Մամուլը՝ սուրճով

Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում, Ծնելիությունը նվազել է. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2025 թվականի հունվար ամսվա կտրվածքով հիմնական ժողովրդագրական ցուցանիշներն ամփոփվել են, եւ ստորեւ ներկայացվում են բնակչության բնական շարժի եւ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգով ստացված սահմանային գրանցումների վերաբերյալ նախնական տվյալները:

2025 թվականի hունվարին կենսունակության գործակիցը՝ ծնվածների եւ մահացածների հարաբերակցությունը, կազմել է 104.0% նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 118.1%-ի համեմատ:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշները ծնվածների դեպքում 2025 հունվարին 138-ով քիչ են եղել, քան 2024 թվականի հունվարին։ 2025 թվականի հունվարին ծնվել է 2 733 երեխա, 2024 թվականի հունվարին՝ 2 871 երեխա։

Ծնվածներին զուգահեռ մահացածների թիվն աճել է. 2025 թվականի հունվարին մահացել է 2 627 մարդ, 2024 թվականի հունվարին՝ 2 430 մարդ:

2024 թվականի համեմատ 2025 թվականին մահացածների թիվն ավելի է 197-ով»:

 

«Հրապարակ» գրում է․ 

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը 4 ամիս է՝ պետ եւ պետի տեղակալ չունի։ Նախկին ղեկավար Սրբուհի Գալյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր պետ չի գտնում։

Մի քանի շաբաթ առաջ բաց մրցույթ է հայտարարվել։ Հայտեր ներկայացնելու ժամկետն ավարտվել է։

Գլխավոր դատախազությունից մեզ ասացին, որ պետի պաշտոնի համար դիմել է Կորյուն Սերոբյանը, տեղակալի պաշտոնի համար` Հռիփսիմե Ասատրյանը։ Սերոբյանն իր նախկին գործընկեր՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքներն է դատարանում պաշտպանել։ Հռիփսիմե Ասատրյանը դատախազության իրավաբանական բաժնի պետն է։ 

 

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին քպականներն ինտենսիվ տարածում էին ինչ-որ «սոցիոլոգիական հարցման» տվյալներ՝ ցույց տալու, թե Գյումրիում ՔՊ-ն ընտրությունների առաջատարն է, ավելին՝ բավական բարձր վարկանիշ ունի: Նախընտրական նման «մանևրներն», իհարկե, նորություն չեն. սարքովի կամ հիմնականում սեփական կոնտինգենտի շրջանում անցկացված «սոցհարցումների» տվյալներ հրապարակելով՝ այս կամ այն ուժը փորձում է ընտրողների վրա տպավորություն գործել:

Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, իրականությունը Գյումրիում լրիվ հակառակն է. ՔՊ-ի վարկանիշը ողջ հանրապետությունում, այդ թվում՝ Գյումրիում չափազանց ցածր է: Երևի թե դրա մասին է վկայում նաև այն, որ ՔՊ-ն Գյումրի է նետել իր հնարավոր ու անհնար ռեսուրսները, այդ թվում՝ նույնիսկ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին: Նախօրեին լրատվամիջոցները հրապարակեցին լուսանկարներ, որտեղ երևում է, որ նա ակտիվ մասնակցում է Սարիկ Մինասյանի քարոզարշավին: Խոսքը Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված նույն Թոռնիկի մասին է, որը դատարանում կուրծք էր ծեծում, թե իրենք՝ ուսանողները, ուսխորհուրդը, քաղաքական պրոցեսներին չեն խառնվում և այլն:

Այն, որ նա ուղղակիորեն կապված է ՔՊ-ի հետ, որևէ մեկը երբեք չի կասկածել, ու կարող էր նորմալ ընդունվել, որ նա իր սիրելի կուսակցության քարոզարշավին է մասնակցում: Սակայն խնդիրն այն է, որ նա Գյումրիից չէ, այլ Արարատի մարզից: Ըստ այդմ, առնվազն տարօրինակ է նրա ներկայությունը Սարիկ Մինասյանի քարոզչությանը, առավել ևս, որ առանձին քպականներ այլ ուժերի էին մեղադրում, թե Երևանից գալիս են Գյումրի քարոզչության: Ըստ այդմ, Գյումրիում շատերի շրջանում հարցեր են ծագում՝ արդյո՞ք անշահախնդիր է նրա մասնակցությունը, արդյո՞ք Ագրարային համալսարանի ուսանողներ ներգրավելու խնդիր չի լուծում (ասենք՝ 2000 ուսանող), արդյո՞ք մինչ Չալաբյանի վրա վկայություն տալն էլ է սերտ կապի մեջ եղել ՔՊ-ի հետ և այլն...