Ուսումնական տարին Արցախում կսկսի՞ սեպտեմբերի 1-ից

Ուսումնական տարին Արցախում կսկսի՞ սեպտեմբերի 1-ից

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռևս հստակ որոշում չունի` սեպտեմբերի 1–ից սկսել ուսումնական նոր տարին, թե ոչ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը։

«Եթե շրջափակումը շարունակվի, ապա ավելի շուտ կորոշվի չսկսել, քանի որ խնդիրները շատ են` սկսած կազմակերպչական հարցերից, մինչև տրանսպորտի բացակայություն, գրենական պիտույքների անբավարար քանակ, տեղաշարժման խնդիրներ և այլն»,– նշել է նախարարը` ավելացնելով, որ վերջնական որոշումը կկայացվի սեպտեմբերի 1–ի նախաշեմին։

Լրատվամիջոցը նշում է, որ նրա խոսքով` կսպասեն ևս մի 3-4 օր, եթե իրավիճակի կտրուկ փոփոխություն լինի, ապա, ամենայն հավանականությամբ, կսկսեն։ Մկրտչյանը վստահեցրեց, որ իրենք ավելի հակված են ուսումնական տարին սեպտեմբերի 1–ով սկսելուն և, չնայած դժվարություններին, արդեն սկսել են նախապատրաստվել, կազմակերպչական հարցերով զբաղվել, ծրագրեր մշակել, ժամաքանակները բաշխել և այլն։

«Տարբեր բնակավայրերի հետ կապված երևի առանձին որոշումներ կկայացնենք. եթե տեսնենք` որևէ բնակավայրում հնարավոր է ուսումնական պրոցեսը կազմակերպել` ջերմային ռեժիմը պահպանել, սննդամթերքի հարցը լուծել, հաճախելիության հարցը լուծել, ապա տեղային որոշումներ կընդունվեն, որ կոնկրետ տվյալ բնակավայրում ուսումնական տարին սկսվի»,– ընդգծել է նախարարը լրատվամիջոցի հետ զրույցում։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։