Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին

Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին

Տավուշից տարածքներ «փոխանցվեցին» Ադրբեջանին։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Տավուշցիները ոտքի կանգնեցին, և արդեն որերորդ օրն է, փակ են պահում Ոսկեպար–Կիրանց ճանապարհը և մի շարք այլ ճանապարհներ: Բայց արդյո՞ք այս բողոքի ակցիայի մասնակիցները կհաջողեն և կհասնեն նրան, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց որոշումներից։

Այս ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ իշխանությունները հղում են անում Ալմա–Աթայի հռչակագրին, սակայն ո՞ր քարտեզի մասին է խոսքը, ո՞ր քարտեզն է դրված սեղանին, և ո՞ր տարածքներն են ի վերջո հանձնվելու Ադրբեջանին․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց կովկասագետ, «Հայկական Նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանի հետ։ 

«ՀՀ իշխանությունները, ցավոք, արդեն սովոր են հաշվի չառնել նման ակցիաները, եթե իրենք շատ խոշոր չեն։ Իրենք փորձում են ինչ–որ տեղ սպառնալով, ինչ–որ մարդկանց ձերբակալելով, ուրիշներին էլ համոզելով, թե իրենք միայն մարդկանց հետ քննարկելուց հետո են անելու, պառակտել բողոքի ակցիայի մասնակիցներին, թուլացնել բողոքի ակցիան և իրականացնել այն, ինչն արդեն որոշել են՝ Ադրբեջանի պահանջը»,– ասաց Իգիթյանը։

Ըստ կովկասագետի՝ լոկալ ակցիաներով չի լինի կանխել կործանարար այս արարը, միայն նոր իշխանությունը, որը լրիվ ուրիշ քաղաքականություն է վարելու, ունակ է չհանձնել հայկական տարածքները։ Իգիթյանի խոսքով` Հայաստանի գործող կառավարությունը երկու միտում ունի՝ մնալ իշխանության և տանել Հայաստանը դեպի Արևմուտք, այս երկու պրոցեսներն իրականանում են, իսկ դրա գինն այն է, ինչ պահանջում է Արևմուտքի գլխավոր դաշնակիցը՝ Թուրքիան` «հանձնել Արցախը, հանձնել հայկական տարածքները»։

Իսկ արդյո՞ք կա քաղաքական ուժ, որը կարող է կանխել այս ամենը: Հարցին ի պատասխան Իգիթյանը նշեց, որ քաղաքական պայքարը գործընթաց է, «տեսնում ենք՝ ով է փորձում դիմադրել, բայց ինչքանով իրենց մոտ կստացվի, թե ի հայտ կգան նոր խմբեր այժմ չենք կարող ասել»։

Ինչ վերաբերում է Ալմա–Աթայի հռչակագրի հիմքում դրված քարտեզին, որից բոլորը խոսում են, բայց հստակեցում չկա, թե ինչի մասին է խոսքը, այսինքն՝ դեռ պարզ չէ, թե էլ ո՞ր գյուղերն ու հատվածներն են անցնելու Ադրբեջանին, Իգիթյանը նշեց, որ բնականաբար, Ադրբեջանը չի հրապարակում ոչ մի քարտեզ, քանի որ դա իրեն կարող է ինչ–որ բանի պարտավորեցնել։ Այն, որ իրենք հստակ հղում չեն տալիս որևէ քարտեզին, հերթական ապացույցն է, որ իրենք փորձում են մաքսիմալը պոկել Հայաստանից։

«Ադրբեջանի նպատակն է՝ Երևանն էլ լինի իրենց հսկողության տակ: Ըստ Իլհամ Ալիևի ելույթների՝ Երևանը ադրբեջանական քաղաք է, և Երևանի զիջումը, նվերը մեծ սխալ էր և հանցագործություն։ Ադրբեջանը փորձելու է մաքսիմալը ստանալ։ Ադրբեջանը հայտարարել է, որ սկզբից ուզում են ստանալ այն գյուղերը, որոնք սահմանին են, իսկ հետո անկլավային գյուղերը, որոնցում նաև Տիգրանաշենն է, մյուս փուլում Ադրբեջանը նպատակ է դնելու իր հսկողության տակ վերցնել անկլավային գյուղերը, որոնք Տավուշի մարզում են»,– ասաց Իգիթյանը։ 

Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ Տավուշի մարզում սահմանազատման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները կկարողանան միմյանց հետ փոխգործակցել։

Արդյո՞ք Փաշինյանը մի օր էլ կբացի սահմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ «Տեսականորեն դա հնարավոր է, բայց չենք կարող համեմատել Վրաստանի հետ, քանի որ վրացիների նկատմամբ ատելության քարոզչություն Ադրբեջանը չի տանում։ Հայերի նկատմամբ ատելության խոսքը բացահայտ կարող ենք տեսնել 1988թ․–ից և նույնիսկ ավելի վաղ շրջանում։ Եթե սահմանը բացվեց, ինչպե՞ս ենք ապրելու մարդկանց հետ, ովքեր մասնակցել են պատերազմներին և իրենց սովորեցրել են ինչպես սպանել հայերին և իրենք դաժանորեն սպանել են գերի ընկած հայերին։ Մի օր առևտուր են անելու, մյուս օրը գլուխն են կտրելու։ Այսքան ժամանակ ադրբեջանցիները, որոնք հայտնվել են Հայաստանի տարածքում, նաև այն մարդիկ, որոնք, ենթադրվում է, որ փախել են իրենց զորամասերից, փորձել են այստեղ մարդ սպանել»,– եզրափակեց Իգիթյանը։

Մարիաննա Արամյան