Մեսիջներ՝ Մոսկվայից ու Բաքվից՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովից առաջ

Մեսիջներ՝ Մոսկվայից ու Բաքվից՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովից առաջ

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 23-ին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցելու են բոլոր անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Օրակարգում ներառված է նաև Հայաստանին համատեղ օժանդակություն ցուցաբերելու հարցը։

Եվ ահա այս կարևոր նիստից երկու օր առաջ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ուշագրավ հայտարարություն է արել: «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ՀԱՊԿ իրավասության մեջ չի մտնում», - ասել է նա «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում: Նա նշել է, թե ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր վերաբերմունքը դրա նկատմամբ։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հայտնի է, որ մենք ամենաանկեղծ կերպով ենք նպաստում կարգավորմանը։ Ավելին, մեր ջանքերը հավասարապես պահանջված են երկու կողմից էլ։ Այլ կերպ չի կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այսպես։ Այս հակամարտությունում միայն մեկ կողմին աջակցելու դիրքորոշում ունենալը կնշանակի դրա սրացում»,- շեշտել է ռուս պաշտոնյան։

«Մենք պետք է որդեգրենք խաղաղ կարգավորման դիրքորոշումը և օգնենք ապահովելու, որ այս կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,-հավելել է նա։

Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ իր հերթին է այսօր ՀԱՊԿ-ի մասին հայտարարություն արել.

«ՀԱՊԿ-ում մենք ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը»,- ասել է նա: Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանն այս կազմակերպության անդամ չէ, ի տարբերություն Հայաստանի, որն «այս կազմակերպության միջոցով նպատակ ուներ անհիմն պահանջ ներկայացնել Ադրբեջանի դեմ, փաստացի ցանկանալով այդ կազմակերպության անդամ երկրներին իրար դեմ հանել»։

«Սա մեծ սադրանք է և մեծ հանցագործություն։ Սակայն այս կազմակերպության մյուս անդամները չեն ենթարկվել դրան»,-հավելել է Ալիևը: