Կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի նախագահները

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ղազախստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։
Նա կհանդիպի նաև Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության ներկայացուցիչ Միլորադ Դոդիկին:
Այս մասին տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ֆորումի ընթացքում՝ այս լիագումար նիստից հետո, նախագահը երկկողմ շփումներ կունենա, դրանք կլինեն բանակցություններ Տոկաևի հետ: Հանդիպումը, ինչպես ասացի, առաջինն է ՀՀ նախագահ Խաչատուրյանի հետ։ Նախագահը կընդունի նաև Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկին»,- ասել է Ուշակովը։
Նշենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 15-18-ը կմասնակցի Պետերբուրգի տնտեսական համաժողովի աշխատանքներին։