Վրաստանը կպահպանի ռազմավարական հարաբերությունների բարձր դինամիկան Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ․ Կոբախիձե

Վրաստանը կշարունակի ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության ու կայունության խթանման համար, նաև կպահպանի երկկողմ ռազմավարական հարաբերությունների բարձր դինամիկան Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այդ մասին նշվում է «Եվրոպական պետության կառուցման մասին» կառավարության ծրագրում։
Այն Վրաստանի խորհրդարանի ուշադրությանն է ներկայացրել «Վրացական երազանք» կուսակցության վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն։
«Կշարունակվեն Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության ու կայունության խթանմանն ուղղված ջանքերը: Այդ նպատակով անհրաժեշտ է ամրապնդել հաջող համագործակցությունը հարևան գործընկեր պետությունների հետ, զարգացնել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- նշվում է փաստաթղթում։
Վարչապետի պաշտոնից Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականից հետո հայտնի էր դարձել, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն կառաջադրվի Վրաստանի վարչապետի թեկնածու։ Ղարիբաշվիլին Կոբախիձեին կփոխարինի կուսակցության ղեկավարի պաշտոնում։