Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված, Ովքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները. Մամուլը՝ սուրճով

Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված, Ովքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հեղափոխություն հանուն ՔՊ մերձակա խմբակի». այլ կերպ չի կարելի բնորոշել այն, ինչը արձանագրվում է թվերով, ավելի ճիշտ՝ թալանով, քանզի այդ բառը չարաշահելով, որպես լոզունգ օգտագործելով, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը առ այսօր երկրում բարելավել են բացառապես սեփական բարեկեցությունը։

ԱԺ ՔՊ-ական անհայտ մի պատգամավոր կա Տիգրան Պարսիլյան: Նախկին շարքային քաղաքացի, որի կինը՝ Նվարդ Սարգսյանը Մասիս քաղաքի ավագանու անդամ է, միաժամանակ Երեւանի Մխիթար Սեբաստացու անվան դպրոցի աշխատակից։

«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ մինչ ՔՊ իշխանության գալը Նվարդ Սարգսյանը աշխատել եւ վարձատրվել է ինչպես շարքային քաղաքացի: Բայց մի քանի տարի անց տիկնոջ աշխատավարձը քառապատկվել է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2022 թվականին 1.2 միլիոն դրամ աշխատավարձից պատգամավորի կնոջ աշխատավարձը 2023 թվականին դարձել է 4.9 միլիոն դրամ։ Նույնպիսի թռիչքաձեւ աճ արձանագրվեց նաեւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կնոջ դեպքում: Նրա աշխատավարձը «Հայփոստ»-ում 2021-ին 6.8 միլիոն դրամ էր, 2022-ին՝ 9.5 միլիոն, իսկ 2023-ին՝ արդեն 10.5 միլիոն դրամ։ Ի դեպ, Շուշան Ալեքսանյանի աշխատավարձը 6 անգամ գերազանցում է կազմակերպության 3064 աշխատակիցների միջին աշխատավարձը, որոնց տարեկան միջին աշխատավճարը 1.8 միլիոն դրամ է: Դժբախտ թոշակառուների մասին, թերեւս, ավելորդ է հիշատակել. նրանց թոշակն այս տարի եւս գեթ մեկ դրամով չի ավելանալու «գումար չկա»։ Բայց ՔՊ-ականների համար, փաստորեն, միշտ գումար կա»:

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 9-ին՝ Նիկոլ Փաշինյանի մեղքով ու պատճառով կրած պարտության արդյունքում ստորագրված կապիտուլ յացիայի 4-րդ տարելիցի օրը, երբ Ադրբեջանի նախագահի տիկինն իր երկրի դրոշի լուսանկարն է հրապարակել՝ որպես իրենց «հաղթանակի» նշանավորում, իսկ հազարավոր հայորդիների մայրեր, քույրեր ու կանայք Եռաբլուրում էին կամ Հայաստանի այլ բնակավայրերի գերեզմանոցներում՝ այցելելով իրենց զավակների ու ամուսինների շիրիմներին, Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, լուսանկարներ է հրապարակել իր աֆրիկյան այցի՝ սաֆարի-զբոսանքի մասին:

Մեր ուշադրությունը գրավեց լուսանկարներից մեկը, որը մակագրված է «Ես և իմ լավագույն ընկերները»: Տանզանիայի խոշորագույն՝ Nyerere National Park-ում արված լուսանկարում Աննա Հակոբյանից ու Մարիամ Փաշինյանից զատ ևս երկու կանայք են: Իսկ ովքե՞ր էին նրանք: Դա ճշտելը մեծ բարդություն չէր ներկայացնում, որովհետև «Սաֆարիի աղջիկները» նշումից զատ, նկարի վրա արված էր մի քանի «թեգ»: Պարզվեց՝ խոսքը բժիշկ Գոհար Պետրոսյանի ու նրա դստեր՝ Լինդա Կոստանովայի մասին է:

Սոցիալական ցանցերում մի փոքր «պտույտից» պարզվեց, որ Գոհար Պետրոսյանը Աննա Հակոբյանի ընկերուհին է, իսկ նրա ամուսինը ռուսաստանցի մեծահարուստ Իգոր Կոստանովն է: Ըստ մի շարք օգտատերերի, հենց վերջինս էլ ֆինանսավորել է Աննա Հակոբյանի և նրան ուղեկցողների աֆրիկյան հանգիստը: Ի դեպ, օգտատերերը նաև նշում էին, որ նկարում երևացող Լինդա Կոստանովային «տեղավորել են հարկայինում»:

Հավելենք, որ երեկ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ, ըստ տուրիզմի ոլորտի մասնագետների, երկու հոգու նման «տանզանյան հանգիստը» արժե մոտ 6000 դոլար։ Սակայն խոսքն, ամենայն հավանականությամբ, էկոնոմ դասի տոմսերով փաթեթի մասին է, որովհետև մեր փնտրտուքները ցույց տվեցին, որ բիզնես դասի միայն տոմսերի գները երկու անձի համար տատանվում էին 7-ից 10 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում»:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության մասին քննարկումները դեռ շարունակվում են:

Չնայած Անդրանիկ Քոչարյանի ջանքերին՝ թեման ամեն գնով փակելու, Փաշինյանի հետ լեզու գտնելու, այնուամենայնիվ ՔՊ-ականների մի մեծ խումբ լուրջ է տրամադրված նրա պաշտոնանկությունը գլուխ բերելու հարցում: Իշխանականները թեման դեռ փակ չեն համարում, մեծամասնությունը կողմ է Քոչարյանի պաշտոնանկությանը, սակայն սպասում են Նիկոլ Փաշինյանի որոշմանը, ով էլ իր հերթին շարունակում է այս թեմայով լռություն պահպանել ու դեռ վերջնական դիրքորոշում չի հայտնում:

Ահա սա է պատճառը, որ հարցը դեռ առկախված է մնում: Ինչու առկախված, քանի որ հայտնի «ինքնաքննադատության նիստի» օրը, երբ ՔՊ-ականները հերթով մոտեցել են ամբիոնին եւ վատաբանել Անդրանիկ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը չի ընդդիմացել, լսել է մոտ 40 ներկաների դժգոհությունները, բարկացել, ասել, որ հարցը պետք է լուծվի խմբակցության մակարդակով. սակայն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը դեռ դրա վերաբերյալ համապատասխան «ՍՄՍ հաղորդագրություն» չեն ստացել: Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանը սպասում են, Անդրանիկ Քոչարյանից սարսափելով՝ չեն նախաձեռնում պաշտոնանկությունը առանց լրացուցիչ ճշտումների»: