«Ոչ ոք Հիսուսի հետ չի կարող համեմատվել». քաղաքացիները հակադարձում են Փաշինյանին

Մարտի 31-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում էր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը։ Նիկոլ Փաշինյանը «Տիկ Տոկի» իր էջում կիսվել էր տեսանյութով, որտեղ համեմատում էր իրեն Հիսուս Քրիստոսի հետ։
«Ինձ համար պակաս կարևոր չէ Հիսուս Քրիստոսի քաղաքական ընկալումը, որովհետև Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդին է, այլև առաջնորդի իդեալական կերպար և իմ ընկալմամբ նաև երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը: Շնորհակալ եմ, որ հավատացել եք, որ ոչ միայն Հիսուս Քրիստոսը կարող է հարություն առնել, այլ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,– ասել է Փաշինյանը։
Նա նշել է նաև․ «Իմ ընկալմամբ՝ երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը, որն ակնհայտորեն շատ բան է փոխել իր գործունեությամբ՝ հաղթելով թվացյալ պարտությունից հետո կամ թվացյալ պարտության միջոցով։ Երբեմն այս ֆորմուլան ասոցացնում եմ մեր քաղաքական գործեւնեության և մեր կուսակցության հետ»։
Այս հայտարարությանն արձագանքեցին բազմաթիվ հոգևորականներ, քննադատելով Փաշինյանին: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում մեր հասարակությունն այս անհամեստ համեմատությանը. MediaHub-ն անցկացրեց հերթական հարցումը:
Առաջարկված տարբերակներից «Շատ լավ» պատասխանն ընտրել են հարցմանը մասնակցած ընթերցողների 10%-ը, «Ճիշտ էլ ասում է» պատասխանն ընտրել է 5%-ը, «Որևէ մեկը իրավունք չունի Հիսուսի հետ համեմատվելու» տարբերակն ընտրել է հարցվածների 58%-ը, իսկ «Աստված իրեն կպատժի» պատասխանը՝ 12%-ը։ Հարցմանը մասնակցածների 15% -ն ընտրել է «Շատ վատ» պատասխանը։
Հարցման ընթացքում, ինչպես միշտ, մեր ընթերցողները թողել են նաև իրենց մեկնաբանությունները: Ահա դրանցից մի քանիսը. «Ոչ ոք Հիսուսի հետ չի կարող համեմատվել»։
«Սխալվում եք, վարչապետն իրեն Փրկչի հետ չհամեմատեց»։
«Ինքը իր մասին շատ մեծ կարծիքի է»։
Այսպիսով, մասնակիցների մեծամասնությունը նշել է, որ ոչ մեկ իրավունք չունի համեմատվել Հիսուս Քրիստոսի հետ։
Հիշեցնենք նաև եկեղեցու պատասխանը. «Քրիստոսին խաչեցին հենց նրա համար, որ չցանկացավ հեղափոխական լինել և հեղափոխություն անել»,- գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը իր ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ նյութը պատրաստելու պահին հարցմանը մասնակցել է շուրջ 5500 մարդ։
Մարիաննա Արամյան