«Ինչպես Արցախը պաշտպանեցին, էդպես էլ Սյունիքն են պաշտպանում…»

Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում օրը սկսում են պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններն ընթերցելուց հետո միայն։
«Ուզում ենք իմանալ՝ ուրիշ ո՞ր գյուղերի ուղղությամբ են կրակ բացել, և ի՞նչ քայլեր է ձեռնարկում մեր ռազմական գերատեսչությունը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախից տեղահանված ու Սյունիքի մարզում ապաստանած Մարինե Մարտիրոսյանը` նշելով, որ հայկական կողմը միայն արձանագրում է կատարվածը: «Այդպես վերջին շրջանում նաև Արցախում էր»։
Որ թշնամու աչքը Սյունիքի վրա է, սյունեցիները վաղուց գիտեն, հարցն այն է, թե իրենց տներում լիարժեք ապրելու իրավունքն ինչո՞ւ խախտվեց, և ո՞ւր է տանում այս անորոշությունը։
«Ասում եք «խաղաղության դարաշրջան», «խաղաղության խաչմերուկ»։ Չեմ կարծում, թե Փաշինյանը չգիտի, որ թույլի ու զիջողի համար երբեք էլ խաղաղություն չի լինի»,- ասաց Վերիշենի բնակիչը։
Երեկ երեկոյան թշնամու նշանառության տակ հայտնվեցին Սյունիքի մարզի Արավուս և Խոզնավար գյուղերի հատվածում տեղակայված հայկական դիրքերը։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ՊՆ-ն:
Արավուսի բնակիչ Արգամ Հովսեփյանը MediaHub-ին ասաց, որ հրադադարի խախտումներն ինտենսիվ են դարձել հատկապես վերջին 3 օրերին։
«Բնակելի տների ու դիրքերի միջև հեռավորությունը սկսվում է նույնիսկ 100 մետրից, իսկ կրակոցները, որոնք արձակում է Ադրբեջանը, լսելի են համայնքում։ Դրանք, սակայն, խուճապ չեն առաջացնում»,- ասաց նա՝ նշելով, որ պետությունն անվտանգության պահպանման առումով անելիքներ շատ ունի։
«Ինչպես Արցախը պաշտպանեցին, էդպես էլ Սյունիքն են պաշտպանում»,- դառնությամբ ընդգծեց նա։
Արցախի անկումից հետո առաջնագիծ դարձած Սյունիքի որոշ բնակավայրերում թեպետ խուճապ չկա, բայց մարդիկ անհանգստանում են, մանավանդ, որ գարնանային եղանակների հետ բացվում է նաև գյուղատնտեսական աշխատանքների սեզոնը։
«Դաշտերում սկսվել է վար ու ցանքը, իհարկե՛, անհանգստանում ենք։ Արդեն 3-4 օր գիշերային ժամերին կրակում են։ Ճիշտն ասած, տների վրա չեն կրակել, բայց դե, մեկ է, անհանգստություն կա»,- ասաց Խոզնավարի բնակիչ Էմիլ Մկրտչյանը։
Հունան Թադևոսյան