Վլադիմիր Վարդանյանն իրեն ծեծելու մասին հաղորդում է տվել ոստիկանությունում

Վլադիմիր Վարդանյանն իրեն ծեծելու մասին հաղորդում է տվել ոստիկանությունում

MediaHub-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի հետ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո անձամբ է հաղորդում ներկայացրել ոստիկանություն։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այսօր ուժի կիրառմամբ վիճաբանություն է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև։

Դեպքից հետո Վարդանյանը տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ։ 

Իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները հակասական դրվագներ են պատմում ծեծկռտուքից. իշխանականները՝ թե Սահակյանն է վրա եկել ու հարվածել Վարդանյանին, ընդդիմադիրները պնդում են, որ Վարդանյանն է տեղից վեր կացել ու մոտեցել, Սահակյանն էլ պաշտպանվել է։ 

ՔՊ-ականները, ըստ Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի, խեղաթյուրել են փաստերը, ասելով, թե Մհեր Սահակյանը հարձակվել է, այնինչ Սահակյանն իր տեղում նստած է եղել։

«Ագրեսիվ վարքագիծ է եղել ՔՊ խմբակցության անդամների կողմից փակ նիստի ժամանակ, որի բովանդակության մասին բնականաբար չենք կարող խոսել։ Ըստ Մհեր Սահակյանի՝ Վլադիմիր Վարդանյանն է վեր կացել իր տեղից ու մոտեցել իրեն։ Մինչ այդ, եղել է քաղաքական բովանդակությամբ վեճ, այն, ինչ մենք մշտապես տեսնում ենք ԱԺ-ում։ Բազմաթիվ դեպքեր ենք տեսել, երբ ՔՊ-ի պատգամավորները հարձակվել են դահլիճում նստած ընդդիմադիր պատգամավորների վրա ու հարվածել, բայց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Այո, առաջինը հարվածել է Մհեր Սահակյանը, բայց՝ ինքնապաշտպանվելու համար»- ասել էր պաշտպանը։

Ավելի ուշ տեղեկացրեցինք, որ Վլադիմիր Վարդանյանը դուրս է գրվել Նաիրի ԲԿ-ից և վերադարձել ԱԺ:

MediaHub-ի լրագրողը նրա աշխատասենյակում քննիչների է տեսել:

Լիա Սարգսյան