Ռուսները մնալո՞ւ են Արցախում

Ռուսները մնալո՞ւ են Արցախում

Թուրքիան նոյեմբերի 17-ից մեկ տարով կերկարաձգի Ադրբեջանում տեղակայված իր զինվորականների մանդատը․ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է երեկ հավանություն տվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նոյեմբերի 13-ին ներկայացրած օրինագծին։
Ընդ որում, պաշտոնական Անկարան հղում է անում Պուտինի, Փաշինյանի և Ալիևի կողմից 2020թ-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը:
Եթե այդ ռեժիմը ու դրանից բխող մոնիտորինգային կենտրոնը պահպանվելու են, տրամաբանական է ենթադրել, որ Ռուսաստանի խաղաղապահները ևս առնվազն մեկ տարի մնալու են ԼՂ-ում:

Հարցը տարակուսելի չէր լինի, եթե ԼՂ-ն հայաթափված չլիներ. ի վերջո՝ եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը և ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը գործելու են մինչև 2025թ-ը:

Մյուս կողմից, ի՞նչ առաքելություն են ռուս և թուրք խաղաղապահներն իրականացնելու ԼՂ-ում, երբ հայությունը տեղահանված է:
Հարցի անուղղակի պատասխանը երեկ տվել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը գնահատում Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հեռանկարները։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունները՝ Ղարաբաղ վերադառնալ ցանկացող հայերի իրավունքների, անվտանգության, տնտեսական բարեկեցության երաշխիքների մասին։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր և ժամանակին ազդակ է»,-  ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Նրա խոսքով, ռուսական կողմը բազմաթիվ ֆեյքերի է արձանագրում, որոնք հրահանգավորված են, որ թույլ չտան այս շրջանի, այդ տարածքների բնակիչների հետ վերադարձը:
«Երևակայական վտանգների» մասին Զախարովայի պնդումը, մեղմ ասած, ցինիկ է հնչում, հատկապես՝ սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած փաստացի ցեղասպանության համատեքստում: Արցախի հայությունն այսօր էլ չի վստահում ո'չ Բաքվի կեղծ հավաստիացիումներին, ո'չ էլ՝ ռուսական կամ արևմտյան երաշխիքներին:

Ու Զախարովան ճիշտ կանի, որ ստեղծված իրավիճակում փնտրի ու տեսնի նաև իր կառավարության մեղքն ու պատասխանատվությունը:

Վահրամ Բագրատյան