Ականապատ դաշտերի քարտեզների դիմաց ԼՂ ղեկավարության վերադարձ պահանջե՞լ ենք․ ԱԳՆ պարզաբանումը

Ականապատ դաշտերի քարտեզների դիմաց ԼՂ ղեկավարության վերադարձ պահանջե՞լ ենք․ ԱԳՆ պարզաբանումը

Մեկ ամիս առաջ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 32 հայ ռազմագերիների՝ այդպիսով, ըստ պաշտոնական Բաքվի, ադրբեջանական բանտերում շարունակում են մնալ 23 հայ  ռազմագերիներ։

Թեև հայ իրավապաշտպաններն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները բազմաթիվ փաստերով ներկայացրել են, որ 80 և ավելի գերիներ կային ադրբեջանական բանտերում։

Օրերս ՀՀ արտգործնխարար Արարատ Միրզոյանն իր ասուլիսի ժամանակ ասաց, որ ուղիղ կապ կա ոչ միայն վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի, այլև երկու երկրների արտգործնախարարությունների և այլ գերատեսչությունների միջև։ Ըստ այդմ MediaHub-ը հարցում արեց ԱԳՆ՝ ճշտելու, թե ի՞նչ է անում հայկական կողմը՝ այս մարդկանց Հայաստան վերադարձնելու համար։  

Ստորև ներկայացնում ենք մեր հարցերն ու հնչած պատասխանները:

-Արդյո՞ք այդ ուղիղ կապի շրջանակներում երբևէ  հայկական կողմը բարձրացրել է Արցախի պաշտոնյաներին վերադարձնելու հարցը։

-Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը մշտապես գտնվում է ՀՀ ուշադրության կենտրոնում։ Ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը վերջիններիս իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։ Ամենօրյա կապ է պահպանվում և պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում միջազգային մի շարք կառույցների, այդ թվում՝ ԿՄԽԿ հայաստանյան պատվիրակության հետ։ ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և պատանդառված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ 

Մեր երկրորդ հարցին, թե իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանը չէր բացառել, որ ականապատ դաշտերի նոր քարտեզներ կփոխանցվեն  ադրբեջանական կողմին, արդյո՞ք ականապատ դաշտերի նոր քարտեզների փոխանցմանն ի պատասխան Հայաստանը ներկայացրել է իր պահանջները, օրինակ՝ Արցախի պաշտոնյաներին վերադարձնելու հարցը, ԱԳՆ-ից չեն պատասխանել։

Նարե Գնունի