Իմ կադրային քաղաքականությունը լինելու է հիմնավոր ու հասկանալի. հարցազրույց Արցախի պետնախարարի հետ

Իմ կադրային քաղաքականությունը լինելու է հիմնավոր ու հասկանալի. հարցազրույց Արցախի պետնախարարի հետ

Արցախի Հանրապետությունն արդեն երկու օր է պետական նոր նախարար ունի։ 

MediaHub-ը զրուցել է նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ՝ վերջինիցս ստանալով մամուլում շրջանառվող որոշ հարցերի պատասխաններ։

-Պարոն Ներսիսյան, որպես ԱՀ պետական նոր նախարար, Կառավարությունում ի՞նչ կադրային փոփոխություններ են սպասվում։ Ինչպես մամուլն է նշում՝ կադրային ջարդ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ 

-Կադրային քաղաքականության մասին ես արդեն ասել եմ, թիմակից-ոչ թիմակից խաղեր չեն լինելու, պետք է ձերբազատվել դասական քաղաքական գործընթացներին տիպիկ նման երևույթներից. լինելու են յուրաքանչյուրի հնարավորությունը ճիշտ ու նպատակային օգտագործելուն միտված փոփոխություններ։ Բնական է, որ առավել պրոֆեսիոնալ կադրերը պետք է լինեն առաջին շարքում, որպեսզի կարողանան կրել այն բարձր պատասխանատվությունը, որը նրանց վրա է դրվելու իմ կողմից։ 

Այսօր ընդամենը երկրորդ օրն է, հիմա կատարում եմ տեղեկությունների հավաքագրում, վերլուծություն ու հետևություններ, զուգահեռ լուծում ենք կուտակված հրատապ խնդիրները, իսկ մի քանի օր անց կփորձենք նաև կադրային հարցերին անդրադառնալ։ Համոզված եմ՝ մեր կադրային քաղաքականությունը լինելու է պարզ ու հիմնավոր, հասկանալի, պատճառաբանված։

-Այսօր խորհրդակցության ժամանակ Ձեր կողմից քննադատվել են հումանիտար բեռների տեղափոխման մեթոդներն ու եղանակները։ Սա նշանակո՞ւմ է, որ Ռուբեն Վարդանյանի օրոք դժվար կացության մեջ հայտնված Արցախը նաև այս տեսանկյունից է խնդրի առաջ կանգնել։ 

-Արցախի Հանրապետության պետական նախարարն այօր ես եմ և ինչպես ես եմ փոխարինել, մի օր էլ ինձ են փոխարինելու, սակայն դա չի նշանակում, որ գործող պետական նախարարը չպետք է բարձրաձայնի խնդիրների մասին, իսկ խոսելու դեպքում դա ընդունվի որպես նախորդների քննադատություն։ Ես ընդամենը մեկ օր եմ աշխատել որպես պետական նախարար, բայց այդ մեկ օրվա ընթացքում արդեն հասցրել եմ շատ բան տեսնել, դժգոհություններ լսել։ Ես ունեմ կոնկրետ մոտեցումներ, մեզ ավելորդ շրջապտույտներ պետք չեն, պետք է վեր հանել խնդիրները և հերթականությամբ լուծել դրանք։ 

-Լուրեր են շրջանառվում, որ Դուք այդ պաշտոնին ժամանակավոր եք և այդ մասին տեղեկացվել եք․ որքանո՞վ է սա մոտ իրականությանը։ 

-Եթե ինձ ավելի լավ ճանաչեիք, այդ լուրերին ժպիտով կարձագանքեիք։ Այդ լուրերին անդրադարձել է նաև Արցախի Հանրապետության նախագահը՝ կառավարության երեկվա նիստում, կարող եք այն վերստին նայել ու ստանալ ձեր հարցի պատասխանը։ 

Արցախը իմ հայրենիքն է և ոչ ոք չի կարող իմ, մեր փոխարեն որոշել մեր անելիքները: Մենք գիտենք մեր անելիքը և համառորեն աշխատելու ենք մեր երկիրը ամեն օր էլ ավելի լավը դարձնելու ուղղությամբ։ Նրանք, ովքեր չեն կարող կամ չեն ուզում աջակցել, պետք է ընդամենը հեռու մնան այդ ճանապարհից՝ ոտնատակ չընկնելու համար։ Հետաքրքրականն այն է, որ որոշ շրջանակներ հասկանալի պատճառներով սպասում են ինչ-որ խնդիրների, պրոբլեմների ծագման, ընդ որում դրան սպասում են մեծ ուրախությամբ։ Ես սրան, իհարկե, ուշադրություն չեմ դարձնում, բայց, ամեն դեպքում, նման երևույթները ցուցիչ են՝ հասկանալու, որ կան մարդիկ, որոնց համար հայրենիքը և սեփական տունը երբեմն կարող է ստորադասվել անձնական, սուբյեկտիվ ցանկությունների համեմատությամբ։ 

Մեծամտություն չհամարեք, բայց պիտի հիասթափեցնեմ բոլոր նման մարդկանց. մենք հաջողելու ենք, որովհետև Արցախի ժողովուրդը արժանի է բարեկեցիկ կյանքի և այն պետք է կառուցի իր ձեռքերով։ 

-Եվ վերջին հարցը՝ Դուք որևէ փուլում ներգրավվելո՞ւ եք Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններում։ 

-Նախ ասեմ, որ հիմա որևէ բանակցություն Արցախի ու Ադրբեջանի միջև չի ընթանում։ Տերմինաբանական առումով կարող են լինել «բանակցություններ», «շփումներ» և «հանդիպումներ»՝ խնդիրների քննարկման համար։ Երեկ հրապարակվել էր տեղեկություն հանդիպման մասին, որի ժամանակ քննարկվել են ճանապարհի արգելափակման, էներգամատակարարման և գազամատակարարման հետ կապված ու այլ հարցեր։

Ինչ վերաբերում է իմ կողմից բանակցություններին ներգրավվելու հարցին, ապա նման հարց երբևէ չի քննարկվել ու հիմա էլ չկա, ես այս պահին ներգրավված գործադիր իշխանության ներքին հարցերին։ Չեմ էլ կարծում, որ մենք հիմա այն փուլում ենք, որ կարող են բանակցություններ մեկնարկել։ Բանակցություններ կարող են լինել միայն բարենպաստ միջավայրում ու փոխվստահության պայմաններում, որից հիմա մենք շատ հեռու ենք։ 

Լիաննա Թորոսյան