Կառավարությունը արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի

Այսօրվա կառավարության նիստի ժամանակ Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն առաջարկեց ստեղծել նոր արտաքին հետախուզության ծառայություն, որը կլինի վարչապետին ենթակա կառավարման մարմին։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ ԱԱԾ-ում գոյություն ունեն համանման գործունեություն իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը համարվում է զինվորական, հիմա կա քաղաքական որոշում ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն»,-ասաց Մինասյանը։

Ըստ նրա՝ այս նախագծով հնարավորություն կստեղծվի նորաստեղծ մարմինը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով և արհեստավարժությամբ կնպաստեն արտաքին հետախուզության ծառայության կայացմանը։ 

«Այն կնպաստի ոչ միայն ԱԱԾ-ի գործառութային արդյունավետության բարձրացմանը, այլ նաև հնարավորություն կտա ավելի ճկուն և համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի, տարածաշրջանի մարտահրավերներին»,- ընդգծեց Արդարադատության նախարարի տեղակալը։ 

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ արտաքին հետախուզական ձևերը և մեթոդները շատ կարևոր փոփոխություն են, ուստի կարևոր է կարողությունները զարգացնել և տրանսֆորմացնել ժամանակի պահանջներին համապատասխան, որից հետո որոշումն ընդունվեց միաձայն։

Մանրամասները՝ տեսանյութում։