Մեկը վիրահատվում էր, մեկը՝ ծնվում, մյուսը՝ մահանում․ մե՛կ աչքալույս էինք տալիս, մե՛կ՝ հույս, մյուսի հետ էլ՝ ցավ կիսում

Մեկը վիրահատվում էր, մեկը՝ ծնվում, մյուսը՝ մահանում․ մե՛կ աչքալույս էինք տալիս, մե՛կ՝ հույս, մյուսի հետ էլ՝ ցավ կիսում

«Մարտունու հիվանդանոցում սովորական աշխատանքային օր էր։ Հղիներին հետազոտելուց հետո կեսօրին ընդմիջեցինք։ Մինչ պատրաստվում էինք սնվել, լսեցինք արկերի ձայնը, որ պայթում էր մեզանից շատ մոտ։ Սկզբից չմտածեցինք պատերազմի մասին, գիտեինք` սակրավորներն են աշխատում։ Առաջին պայթյունները սկսեցինք հաշվել, հետո սկսվեց իրարանցումը»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է մանկաբարձ-գինեկոլոգ Գոհար Տոնյանը։ 

Պատերազմի հենց առաջին րոպեներին սահմանամերձ Մարտունի քաղաքը, ինչպես բոլոր պատերազմներում, նախորդ տարվա սեպտեմբերին ևս առաջին հարվածներն ընդունեց իր վրա։

Գոհարն ասում է՝ դա այն ժամին էր, երբ փողոցներում մարդկանց շարժը շատ էր, երեխաները դպրոցներում ու մանկապարտեզներում էին։ Բուժանձնակազմը՝ առանց ժամանակ կորցնելու բոլոր հիվանդներին, իսկ ծննդատան բաժանմունքը հղիներին տեղափոխել է ապաստարան՝  պատրաստվելով դիրքերից ընդունելու վիրավոր զինծառայողներին։ 

«Բոլորը վախեցած էին, իրենցից մեկն էլ մենք էինք, բայց սկսեցինք հուսադրել, որ «ամեն բան լավ կլինի, մի՛ վախեցեք»։ Ապաստարանում գտնվող պացիենտների հարազատների մեծ մասը դիրքերում էին։ Նրանց հետ կապ հնարավոր չէր հաստատել, դա հուսահատության աստիճանի էր հասցնում նրանց վիճակը»,- հիշում է պատերազմի ու գաղթի ականատեսը։

Հետո Մարտունու հիվանդանոցում սկսեցին գրանցվել առաջին կանչերը․ «Շտապ օգնության մեքենայով ըստ հասցեների գնացի նաև ես։ Ապաստարանում պատսպարված մեր հայրենակիցները վատացել էին։ Ամենածանրը երեխաների աչքերի մեջ նայելն էր։ Կիսատկլոր, կիսասոված, բոլորը սթրեսի մեջ»։

Չնայած իր տարիքին ու աշխատանքային փորձին, Գոհարն ասում է, որ բժշկի աշխատանքում կարևորը ռիսկն է։ Ժամ առ ժամ դիրքերից բերում էին վիրավոր զինծառայողների, դա ավելի էր բարդացնում աշխատանքը։ «Տուն գնալ չկար»,- ասում է բժիշկ Տոնյանը։

Մարտունու հիվանդանոցն իր ներուժն ու սահմանափակ ռեսուրսը կենտրոնացրել ու սկսել է վիրավորների բուժման գործընթացը՝ գիտակցելով, որ Ստեփանակերտից օգնություն չի հասնելու։

«Համատարած ռմբակոծվում էին մեր դիրքերը, գյուղերն ու քաղաքները։ Ծանր վիրավորներ բերեցին։ Ճանապարհը դեպի Ստեփանակերտ դեռ բաց էր։ Նրանց տեղափոխեցինք Ստեփանակերտ, պայմանով, որ այնտեղից Մարտունի պիտի բերենք անեստեզիոլոգ Բորիս Աբրահամյանին։ Այդ օրերին մտածում էի՝ «դժվար կհամաձայնվեր», բայց բժիշկը եկավ, հետո ճանապարհը փակվեց, ու մնացինք պաշարման մեջ։ Բորիսը մեզ հետ մնաց։ Ու գիտե՞ք՝ քանիսին կյանք տվեցինք, քանի երեխա լույս աշխարհ եկավ»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Մարտունու շրջանային հիվանդանոցում արկերի տակ ու զինադադարից հետո պաշարման պայմաններում 7 երեխա է ծնվել։ 

«Մի հիվանդասենյակում՝ վիրահատություն, մյուսում մահ է արձանագրվում, երրորդում երեխա է լույս աշխարհ գալիս. այդպիսինն էր մեր առօրյան։ Մեկին աչքալույս էինք տալիս, մեկին՝ հույս, մյուսի հետ՝ ցավ կիսում»,- հիշում է նա:

Ամենատպավորիչ ծնունդը մանկաբարձի համար՝ ԱՄՆ-ից Մարտունի տեղափոխված Շանթի ու Մարինեի աղջկա լույս աշխարհ գալն էր։ 

«Արկակոծությունը չէր դադարում։ Մարտունին տնքում էր ծանր պայթյուններից։ Գլխավոր բժիշկն ասաց, որ հիվանդանոցը պիտի տարհանվի, համենայնդեպս, այդպես ասել էին։ Կինն իր ուժերով ծննդաբերեց, իսկ շատերի դեպքում կեսարյան հատումն անխուսափելի էր։ Աղջիկը ծնվեց։ Ծնողները նրան տեղում Հուրի անունը տվեցին, որ իր նշանակությամբ շանթ ու կրակ է խորհրդանշում»,- ժպտալով արցունքները սրբում է Գոհար Տոնյանը, ասում, որ այդպես նաև Մարտունիում էր՝ մեկ ժպտում էին, մեկ արտասվում։ 

Զինադադարից հետո Գոհարը հասցրել է գնալ տուն՝ Ճարտար։ Այնտեղ էլ հղիներ կային, որոնք հասուն ծննդաբերության շրջանում էին։ Նրանցից մեկը Գոհարի ընկերուհին էր, որ առաջնեկը պիտի ունենար 5 տարվա սպասումից հետո։ 

«Ճարտարի հիվանդանոցի բուժանձնակազմն էլ զբաղված էր վիրավորներով։ Իսկ ծննդաբերություն այնտեղ հնարավոր չէր։ Վառելիք չկար։ Նրան մի կերպ տեղափոխեցինք Մարտունի, ու երեխան ծնվեց, որից հետո սկսվեց գաղթը»։

Գոհար Տոնյանն իր մասնագիտական մկրտությունը ստացավ 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ։ Եվ ընդամենը 2 տարվա աշխատանքային փորձով հասցրեց իր գործընկերների հետ անել ավելին։ ՈՒրախությամբ է նշում, որ նկուղային պայմաններում ու պաշարված քաղաքում 7 երեխա է ծնվել, ու բոլորն առողջ են։

Հունան Թադևոսյան