«Ադրբեջանն ինքնուրույն տեղ չի քաշվի, պետք է հետ շպրտվեն»․ ԶՈՒ «հայելային հետքաշումը» հերթական փուչի՞կ

«Ադրբեջանն ինքնուրույն տեղ չի քաշվի, պետք է հետ շպրտվեն»․ ԶՈՒ «հայելային հետքաշումը» հերթական փուչի՞կ

ՀՀ իշխանությունը Ադրբեջանին է պատրաստվում «վերադարձնել» Տավուշում 4 գյուղ՝ որակելով, թե դրանք «հայկական գյուղեր» չեն։ ՔՊ-ականների վերջին օրերի նարատիվը հետևյալն է՝ «որը մերն ա, մերն ա, որը մերը չի, մերը չի», ու սա այն դեպքում, երբ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը չի մեկնարկել: Դեռ քանի՞ գյուղ է պատրաստվում Փաշինյանը «վերադարձնել» թշնամուն: 

Ի՞նչ կլինի այս գործընթացների ավարտին, հատկապես այն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունները համաձայնեն բավարարել Ադրբեջանի պահանջներն այսպես կորված «անկլավների» մասով ևս: Արդյո՞ք թշնամի երկիրը կհամաձայնի զորքերի հայելային հետքաշման, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը 2021 թվականից սկսած:

Նշենք, որ «հայելային հետքաշում» արտահայտությունն առաջին անգամ հնչեց 2021-ի մայիսի 27-ին, երբ Փաշինյանն առաջարկեց հետ քաշվել Սոթք-Խոզնավար հատվածի այն մասերում, որտեղ ադրբեջանական ուժերը ներխուժել էին մայիսի սկզբին։ Մեկ տարի անց նա նույն խոսույթը կիրառեց նաև Երասխի մասով: Ադրբեջանը, բնականաբար, մինչ օրս ոչ մի մետ հետ չի քաշել իր զորքերը ու շարունակում է մնալ Հայաստանի տարածքում:

Ի՞նչ է մտածում մեր հասարակությունը, արդյոք հավատում է, որ Ադրբեջանի հետ «խաղաղությունը» կբերի այս պահանջի կատարմանը։ MediaHub-ն անկացրեց հերթական հարցումը՝ «Հավատո՞ւմ եք, որ Տավուշի  գյուղերն Ադրբեջանին տալուց հետո թշնամին Սյունիքից և Ջերմուկից հետ կքաշի իր զինված ուժերը»։

Ըստ այդմ «Այո, Փաշինյանը հենց այդ տրամաբանությամբ է շարժվում» պատասխանն ընտրել է մասնակցածների 11%-ը, «Ոչ, Ադրբեջանի հերթական փափուկ բարձն է» պատասխանն ընտրել է 48%-ը, «Մենք միայն տալու ենք ու ոչինչ չենք ստանալու» պատասխանն ընտրել է ընթերցողների 37%-ը, իսկ «Չգիտեմ» պատասխանը գերադասել է հարցման մասնակիցների 3%-ը։

Հարցման ընթացքում, ինչպես միշտ, մեր ընթերցողները թողել են նաև իրենց մեկնաբանությունները: Ահա դրանցից մի քանիսը. «Ադրբեջանն ինքնուրույն տեղ չի գնա, պետք է հետ շպրտվեն»։

«Հա բա ո՜նց, Արցախն էլ են հետ տալու»,- գրել է մյուսը։

«Սահմանազատման և սահմանագծման ընթացքում ՀՀ կվերադարձվեն բոլո՛ր տարածքները»,- վստահ է երրորդը։

Նման տրամադրությունները հուշում են, որ հասարակությունն այնքան էլ չի հավատում Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանին» ու նենգ Ադրբեջանին:

Մարիաննա Արամյան