Ասաց՝ «սիրտս է, սրտի ցավն ուրիշ է, ոչ մի դեղ չի հանգստացնի». երևի հայրս երջանիկ է այնտեղ, իր որդու կողքին․․․

Ասաց՝ «սիրտս է, սրտի ցավն ուրիշ է, ոչ մի դեղ չի հանգստացնի». երևի հայրս երջանիկ է այնտեղ, իր որդու կողքին․․․

«Վերակենդանացման բաժանմունքում գնացի տեսակցության հորս, նա լուռ լաց էր լինում, հարցրեցի՝ «պապ, ի՞նչդ է ցավում, բժիշկներին ասեմ, դեղ տան», ասաց՝ «սիրտս, սիրտս է վառվում, սրտի ցավն ուրիշ է, ոչ մի դեղ չի հանգստացնի»։ Էդգարն ինչ արեց, արեց»,- MediaHub-ին պատմում է Ստեփանակերտից տեղահանված Լիլիթ Դանիելյանը։ 

Նրա եղբորը՝ 41-ամյա Էդգարին, Արցախում գրեթե բոլորն էին ճանաչում, համակարգում էր «Թուֆենկյան» հիմնադրամի բարեգործական ծրագրերը, տներ ու դպրոցներ էին կառուցում, օգնում բազմազավակ ու կարիքավոր ընտանիքներին։ Աշխատանքից զատ Էդգար Դանիելյանը կամավոր ցանկությամբ ու մոբիլիզացիայի շրջանակում մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին։ 

«Մենք 3 երեխա ենք, Էդգարը մեր ծնողների առաջնեկն է։ Նրա ծնունդին ծնողներս սպասել են 4 տարի։ Խորհրդային ժամանակներում դա երկար ժամանակահատված է։ Ուստի նա ծնողներիս համար մի առանձնահատուկ տեղ ուներ։ Հայրս ու մայրս ապրում էին իր ընտանիքի հետ, ինքն էլ գեղեցիկ ընտանիք է ստեղծել, 10 և 13 տարեկան աղջիկներ ունի»,- պատմում է քույրը։ 

Սեպտեմբերյան մարտերի ժամանակ բանը չհասավ պատերազմին ո՛չ մոբիլիզացիայի և ո՛չ էլ կամավորական հիմունքներով մասնակցելուն։ Էդգարի ու Լիլիթի հարազատ եղբայրը՝ Դավիթը, սահմանին էր, զինծառայող է։ Մի քանի օր շրջափակման մեջ մնալով՝ հրաշքով դուրս է եկել սեպտեմբերի 23-ին։ Լիլիթը ցույց է տալիս ամենաերջանիկ օրվա լուսանկարը, որ, չնայած իրավիճակին, Դավիթը ողջ է գտնվել, դիմավորել է Էդգարն ու տուն բերել։ 

«Հիշում եմ Էդգարի ուրախությունը, մենք ամենավատն էինք մտածում Դավիթի մասին, բայց տեղահանության ու ամեն ինչ կորցնելու ֆոնին ուրախ էինք, որ բոլորս ողջ ենք։ Հետո եկավ գնալու մեր հերթը։ Մինչ մենք պատրաստվում էինք գաղթին, Էդգարը գնաց ընկերոջը հրաժեշտ տալու։ Այնուհետև ընկերոջ խնդրանքով միասին գնում են Հայկազով վառելիք բերելու։ Մենք դրա կարիքը չունեինք, արդեն կար, Էդգարը նախապես հոգացել էր նաև այդ հարցը։ Գնաց, որ ընկերոջ կողքին լինի, բայց չեկավ»,- արտասվում է քույրը։

Լիլիթի խոսքով՝ Հայկազովի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո Էդգարին օրեր շարունակ փնտրել են աղետի տարածքում, տեղի հիվանդանոցներում, ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, սակայն նա չի գտնվել։

«Այդպես կոտրված, անորոշ, դատարկ հասանք Հայաստան, այն հույսով, որ կգտնվի։ Բայց մեր նախաձեռնած որոնումներն այստեղ էլ արդյունք չէին տալիս։ Դեպքից մեկ ամիս անց ԴՆԹ հետազոտությամբ հաստատվեց Էդգարի աճյունը։ Նրան հուղարկավորեցինք Օհանավանի գերեզմանատանը»,- հիշում է քույրը։

Լիլիթն ասում է, որ հայրը՝ Էդուարդ Դանիելյանը, տառապում էր։ 66-ամյա տղամարդու սիրտը մղկտում էր Էդգարի կորստից։ Չէր ապրում։ Ցավը մեղմում էր ծխախոտի միջոցով։ Ապրելն անիմաստ էր համարում առանց Էդգարի, որ դարձավ անիծյալ կրակի զոհը։ 

«Մի քանի օրվա ընթացքում հորս սիրտը վատացավ։ Մենք պայքարեցինք նրա կյանքը փրկելու համար։ Բայց սիրտը չդիմացավ։ Երևի նա երջանիկ է այնտեղ, իր որդու հետ. նրան Էդգարի կողքին հուղարկավորեցինք»,- նշում է Լիլիթն ու սրբում արցունքները։ 

Անիծյալ 2023-ին ընդամենը մի քանի ամսվա ընթացքում նա կորցրեց ծննդավայրը, հետո եղբորն ու հորը։ «Մայրս մինչև հիմա չի հավատում Էդգարի մահին, ասում է՝ «մի օր կգա, սպասում եմ»»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան