Տնտեսական և ռազմական աղետի ֆոնին Փաշինյանը խոսում է այգիներից

Տարեկան առնվազն 1000 հեկտար ինտենսիվ այգի տնկում ունենալը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեզերից մեկն է և ուրախ ենք արձանագրել, որ արդեն ընտրության տարում՝ 2021 թվականին 1600 հեկտարի չափով այգետնկման ծրագիր է հաստատվել և իրագործվել: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արցախը հայաթափվում է, հայոց բանակն ու Արցախի ՊԲ-ն՝ կազմաքանդվում, տնտեսությունը գտնվում է կոմայի մեջ, իսկ արտագաղթը ՀՀ-ից նոր ռեկորդներ է սահմանում, իսկ Փաշինյանը խոսում է այգիներից: ՔՊ-ի օրոք ՀՀ քաղաքացիները դադարել են հավատալ հեռուստաէկրաններից հնչող հայտարարություններին և հիասթափությունը մղում է հայ ժողովրդին արտագաղթի:
ՀՀ քաղաքացիները խորը հիասթափության մեջ են` ՔՊ-ի ոչ մի խոստում կյանքի չի կոչվել: ՔՊ-ականների միակ «ձեռքբերումը» Արցախի հայաթափումն է, թուրք-ադրբեջանական դիրքերի ամրապնդումն ու Արցախում ռուսական զորքերի տեղակայումը:
«Ապագա կա» կարգախոսը Փաշինյանի օրոք իրականություն է դառնում միայն նրա հարազատների, ընկերների, քաղաքական թիմի վերնախավի համար, ում ֆինանսական բարեկեցությունը «թավշյա» մեթոդներով ավելանում է:
Արտաքին և ներքին սպառնալիքների եռապատկման ֆոնին Փաշինյանը խոսում է այգիներից՝սա այն ամենն է, ինչ պետք է իմանա ՀՀ խաբված քաղաքացին ՔՊ-ի և նրա ղեկավարի մասին:
ՀՀ գործող իշխանություններն ընդունակ չեն կառավարեն տնտեսությունը, բանակը, լուծեն սոցիալական խնդիրները՝ նրանք միայն ավելացնում են արտաքին պարտքը, հայկական հողերն են հանձնում Ադրբեջանին և շարունակում են կատարել գերտերությունների տարբեր պատվերներ:
Վահրամ Բագրատյան