ԱԱԾ հարցաքննություններից մինչև Մոսկվայի զգուշացում․ Մամուլը՝ սուրճով

ԱԱԾ հարցաքննություններից մինչև Մոսկվայի զգուշացում․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուրբաթ օրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ իր նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման մասով ցուցմունք տալու: Ներկայացվել են Գլխավոր դատախազի կողմից ներկայացված երեք դրվագներով միջնորդությունները եւ, մեր տեղեկություններով, Սեյրան Օհանյանին հայտնել են, որ նա մեղադրվում է վերոնշյալ արարքների կատարման համար, ուստի պետք է ցուցմունք տա: Ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ԱԱԾ քննիչին գրավոր ընդամենը մի քանի բան է հայտնել. առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որեւէ մեկի հետ որեւէ շահադիտական գործողություններ չի իրականացրել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի եւ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է արդեն կայացրել։

Մինչ այդ էլ՝ փետրվարի 9-ին, ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկությամբ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տվեց։ Ինչպես արդեն հայտնել ենք, քվեարկությանը չէր մասնակցել ՔՊ 3 պատգամավոր. Մարիամ Պողոսյանն այդ օրերին գործուղման էր, իսկ Վիգեն Խաչատրյանն ու Գագիկ Մելքոնյանն այդ օրը ԱԺ չէին եկել հիվանդ լինելու պատճառով: ՔՊ-ի ներսում այդ օրերին խոսակցություններ են պտտվել, որ իրականում Գագիկ Մելքոնյանին հետ է պահել Սեյրան Օհանյանի հետ նախկինում ունեցած մտերիմ հարաբերությունները:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով մի քանի հարց է ուղղել Գագիկ Մելքոնյանին, ինչին նա պատասխանել է՝ հիվանդանոցում եմ եղել, վատառողջ էի, դրա համար էլ չեմ եկել, իսկ թե գար՝ կողմ կքվեարկեր հարցին պատասխանել է՝  չեմ պատասխանի այդ հարցին. ոչինչ չեմ կարող ասել, քանի որ քվեարկությունը գաղտնի է:Սեյրան Օհանյանի մասով եթե քրեական գործ են հարուցել, ինքը պետք է կարողանա պաշտպանվել: Ինքն ունի իր փաստերը, իր տեսակետը, ամեն մեկը մի ձեւով է նայում հարցին, բայց Օհանյանը պետք է արդեն պաշտպանվի, ինքը գիտի՝ ոնց է պաշտպանվում: Իսկ փաստերը համապատասխանում են իրականությանը, թե չեն համապատասխանում՝ քննությունը պետք է պարզի: Ես ո՛չ դատապաշտպան եմ, ո՛չ էլ փաստաբան եմ: Դատախազն ասում է՝ դեպքը տեղի է ունեցել այսինչ ժամանակաշրջանում, իսկ այդ ժամանակաշրջանում, որում տեղի է ունեցել, Սեյրան Օհանյանը նախարարի պաշտոնն է վարել, նա ունի իր փաստերը՝ ինչու են այդ զորամասերը օտարվել. փաստեր կան, պետք է ասի՝ ինչպես է եղել դա: Ինքը պետք է պաշտպանվի. ամեն մեկն էլ, ում մեղադրանք է առաջադրվում, պետք է պաշտպանվի:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հունվարի 19-ին Ազատ գյուղի կացարանի վերածված տներից մեկում հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով ծնողներից մի քանիսն արդեն հարցաքննվել են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այն, ինչ հրապարակային հայտարարել են ծնողները, նույնը պնդել են նախաքննական մարմնում:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր անձամբ տեղեկությունը պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից էլ հաստատել էին. «Այո՛, նշանակված է նման փորձաքննություն, բայց եզրակացությունը դեռ չենք ստացել։ Նշանակվել են նաեւ հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, ձգաբանական, հետքաբանական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը եւս չի ստացվել»:

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մի քանի օր է՝ Արցախում է։ Թե ինչպես է նա այցելել բլոկադայի մեջ գտնվող Արցախ, պարզ չէ, սակայն պատերազմից հետո Բաբայանի արցախյան այցերը բուռն քննարկումների առիթ են դառնում, արցախցիների մի ստվար զանգված համոզված է, որ «կամանդույուշչին» հենց այնպես չի այցելում հայրենի Արցախ, ուրեմն ինչ-ինչ պլաններ կան։

Պատերազմից հետո հայրենակիցների հետ առաջին մասսայական շփումն անցած տարվա հոկտեմբերին էր․ Բաբայանը հոկտեմբերի 5-ին  հանրահավաք անցկացրեց, այն տարընկալումների տեղիք տվեց, ոմանք զարմացած էին, որ պատերազմից հետո Բաբայանին հաջողվել էր 6-7 հարյուր մարդ հանել հրապարակ, այն դեպքում, երբ ի պաշտոնե համարվում էր իշխանությունների «հանցակիցը»։ Ոմանք կատարյալ ձախողում էին համարում այդ ցուցանիշը եւ գուժում արցախյան երբեմնի կուռքի քաղաքական անփառունակ վախճանի մասին։ Ամիսներ անց Բաբայանը դարձյալ Արցախում է, իսկ նպատակների մասին կրկին տարբեր վարկածներ կան։

Ասում են՝ առաջիկայում ակտիվանալու ծրագրեր է մշակում՝ իր թիմակիցների հետ, փորձելու է ներքաղաքական նոր փուլում իր տեղը հաստատել՝ դրանից բխող հետեւանքներով։ Մյուս վարկածով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախում նոր՝ միայն իրեն հպատակ իշխանություն ձեւավորել․ Բաբայանի հայտնվելն Արցախում պետք է դիտարկել այս համատեքստում։

«Հրապարակ» թերթը գրում է.

Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության վարչությունը ծառայողական քննություն է սկսել Հանրապետության հրապարակում ուրբաթ օրվա հայտնի միջադեպի ժամանակ պարեկների գործողությունների վերաբերյալ։

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախի նախագահի եւ պետնախարարի մոսկովյան այցերից հետո գործընթացները հուշում են, որ ներքաղաքական-ներիշխանական հարթակում ստատուս-քվոն պահպանվելու է․ ՌԴ-ն չի ցանկանում ո՛չ նախագահ Արայիկ Հարությունյանի, ո՛չ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը, ուստի Արցախում ուշագրավ զարգացումներ են սկսվել։

Երեկ հայտնի դարձավ, որ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխություն՝ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքի համար։ Գործող Սահմանադրությամբ՝ նախագահի հրաժարականից հետո մեխանիկորեն լուծարվում է թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանը։ Վերոնշյալ փոփոխությունից հետո ֆորսմաժորային կամ ռազմական դրության ժամանակ, նախագահի հրաժարականի (մահվան) դեպքում, խորհրդարանը կարող է նոր նախագահ ընտրել։

Ուշագրավ է, որ այս դրույթը տեղ էր գտել սահմանադրական փոփոխությունների փաթեթում, որը մշակվել էր անցած ամիսներին, սակայն տարեվերջին Արայիկ Հարությունյանը փաթեթը հետ կանչեց խորհրդարանից։

Տեղեկություններ կային, որ փոշմանել է ու չի ուզում Սահմանադրությունը փոխել։ Երեկ փաթեթը հետողորմյա է արվել, որոշ տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունների պարտադրանքով։ Մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանն անհանգստացած է Արցախում ստատուս-քվոյի պահպանմամբ եւ սահմանադրական փոփոխությունների միջոցով ուզում է նոր՝ միայն իրեն հպատակ իշխանություն ձեւավորել։

Երեկ Արցախում անգամ ապագա նախագահացուի անուն էր պտտվում, ըստ այդ խոսակցությունների՝ Փաշինյանն ուզում է գլխավոր դատախազ, սորոսական շրջանակներին հարող Գուրգեն Ներսիսյանին խորհրդարանի կողմից նախագահ կարգել։ Այդուհանդերձ, չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո նախագահ Հարությունյանն այս փոփոխությունների գլխին էլ քար գցի։

«Հրապարակ» թերթը գրում է.

Ոստիկանությունն օրենսդրական փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որը վերաբերում է «ջրային պարեկների» ընդունելության կարգին, այսինքն՝ ստորաբաժանումը կստեղծվի շուտով։ «Ջրային պարեկները» գործելու են Սեւանա լճում։ Ոստիկանությունը շուտով նաեւ ջրային փոխադրամիջոցներ ձեռք կբերի նորաստեղծ ստորաբաժանման համար։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին 2023 թվականի տարեսկզբին երկու անգամ հրավիրել է նախաքննական մարմին, որտեղ էլ եղել են Զինված ուժերի պաշտոնատար անձանց հետ առերեսումներ: Ասել է թե՝ քրեական գործով նախաքննությունն առերեսման փուլում է:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ամիսներ առաջ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մեր աղբյուրներից զանգահարել էին խմբագրություն ու հայտնել, որ ԲԿՄԱ ակումբի, ինչպես նաեւ մինչեւ 21 տարեկանների ազգային հավաքականի մարզիչ Ռաֆայել Նազարյանը փորձում է իր որդուն նշանակել տարիքային հավաքականներից մեկի գլխավոր մարզիչ: Լրագրողը կարծել էր, թե քիչ հավանական է, որ տեղեկությունը ճշմարիտ լինի, քանզի հարցականի տակ է խայտառակ ցուցանիշներ գրանցած Ռաֆայել Նազարյանի պաշտոնավարումը. վերջինիս գլխավորությամբ մինչեւ 21 տարեկանների ազգային թիմը 10 խաղից 9-ում պարտություն է կրել, ինչպես նաեւ, նրա գլխավորությամբ, պարտվել ենք, օրինակ, Ֆարերյան կղզիներին, Լյուքսեմբուրգին եւ այլն:

Արի ու տես, որ հայկական ֆուտբոլում կարեւորը անձնական կապերն են, մութ ու ոչ ֆուտբոլային հարաբերությունները, որոնց վերաբերյալ հավաքագրվում են հստակ տեղեկություններ: Հիմա թերեւս ամենատարօրինակ նշանակման մասին. նախկին լրագրող, հանգամանքների բերումով ֆեդերացիայի նախագահի աթոռին հայտնված Արմեն Մելիքբեկյանը Էրիկ Նազարյանին նշանակում է մինչեւ 15 տարեկանների ազգային հավաքականի մարզիչ: Վերոնշյալ երիտասարդը Ռաֆայել Նազարյանի որդին է եւ, որպես ֆուտբոլիստ, վերջին անգամ եղել է Արցախ ֆուտբոլային ակումբում, չի խաղացել նույնիսկ մեծահասակների ազգային հավաքականում: 

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Երևան էր ժամանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը։ Նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Խովաևը Հայաստանի իշխանություններին փոխանցել է նախազգուշացում, որ Մոսկվայում լրջորեն զայրացած են հատկապես Փաշինյանի հայտարարությունից, թե «ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում, այլև ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»:

Սա Ռուսաստանում գնահատվել է որպես Փաշինյանի կողմից «բոլոր կարմիր գծերի հատում»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հանգամանքը բավականին անհանգստացրել է Հայաստանի գործող իշխանություններին, և այդ հանդիպումից հետո մասնավորաբար ՀՀ ԱԳ նախարարն ու պաշտպանության նախարարը «արագի մեջ» զանգահարել են իրենց ռուսաստանցի գործընկերներին: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, Մոսկվայում զայրացած են նաև Փաշինյանի այն հայտարարությունից, թե ԵՄ դիտորդները Հայաստան են գալիս՝ վստահ լինելու՝ Հայաստանը Ռուսաստանի հետ չի պատրաստվում «համատեղ ագրեսիվ գործողություններ իրականացնել Ադրբեջանի դեմ»: Սա Ռուսաստանում ընկալվում է որպես Հայաստանում իրենց ներկայության վրա արևմտյան «կոնտրոլ»:

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի մեր աղբյուրները հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում շարունակում են լարված մնալ ներիշխանական հարաբերությունները, ավելին՝ վերջին օրերին հակասությունները էլ ավելի են սրվել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջև: Մեր տեղեկություններով, հիմնական տարակարծությունները վերաբերում են Արցախի կարգավիճակի և ապագայի հետ կապված տեսլականներին. եթե ՀՀ իշխանությունները և ԱՀ նախագահը ավելի հակված են Ադրբեջանի հետ ինտեգրացիոն գործընթացների հետ կապված դիսկուրսին, ապա Վարդանյանը կարծում է, որ դա աստիճանաբար կբերի խնդրի «թաղման», Արցախի սուբյեկտայնության բացարձակ վերացման ու հայաթափման:

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես մի օդիոզ անձնավորություն կասեր՝ մի «Համմեր» իր կարգազանց վարորդով մի ամբողջ շաբաթ-կիրակի «խաթարեց լրահոսի անդունդը», դարձավ սոցցանցային հանրույթի պատի ծամոնը: Այդ բուռն արձագանքների ծովում շատերի ուշադրությանն արժանացավ առողջապահության նախկին նախարար, կարկառուն քպական Արսեն Թորոսյանի գրառումը, թե ոստիկանական պարեկները «պետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա՝ կվիրավորվեր, թե կզոհվեր, կարևոր չի»: Արձագանքողների մեծ մասը զարմանք, մնացյալն էլ՝ վրդովմունք էին արտահայտում քպականի նման գրառման կապակցությամբ:

Բայց մի՞թե այդքան զարմանալի է, որ քպականը հենց նմա՛ն՝ ուրիշի կյանքի վրա թքածունեցողակա՛ն վերաբերմունք ունի: Հասկանում ենք՝ երևի ներթիմային «խորքային պատճառ» ունի՝ առիթն օգտագործելով պարեկ-ոստիկաններին «կպնելու» համար: Հասկանում ենք՝ որոշակի հետաքրքրությունների շրջանակներում վերջին օրերի ակտիվացման ծիրում է: Բայց դա թողնենք իրենց ներքպական վայրիվերումների շրջածիրում: Փաստը մնում է փաստ, որ սույն քպականը ռեկորդակիր նախարար է եղել մահերի քանակով: Ու ընդհանրապես, ինչ 2018-ից այս «թիմը» վերցրել է իշխանությունը, մահը առօրեական մի բան է դարձել, մարդը, մարդու կյանքը նրանց համար ամենևին արժեք չէ:

Համավարակի, պատերազմի արդյունքում, հետպատերազմական շրջանում հազարավոր զոհեր տվածների, զոհերը «պլ յուս-մինուս 50»-ով հաշվողների համար մի մահն ի՞նչ է: Այնպես որ, իզուր էլ զարմանում եք, որ մի քպական էլ հորդորում է, որ պարեկներն աջուձախ կրակեն ավտոխուլիգանություն անողների վրա, հիմա՝ կսպանեն, թե հաշմանդամ կսարքեն, ի՜նչ կարևոր է... իրենց համար:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանի պետական գերատեսչություններում կան վարչություններ եւ բաժիններ, որոնք տեւական ժամանակ է՝ աշխատողներ չունեն: Թափուր աշխատատեղեր են առկա շատ գերատեսչություններում:

Որքան էլ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են գրավիչ դարձնել պետական համակարգը, փաստ է, որ պետական գերատեսչությունների կայքերում չեն դադարում առկա թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները, քանի որ մարդիկ խուսափում են պետական աշխատանքի անցնել: Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա Երեւանի քաղաքապետարանին: Պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանը չունի աշխատակազմի քարտուղար. Սեյրան Արզումանյանը Ժ/Պ է:

Քաղաքապետարանում յուրաքանչյուր պաշտոնյայի անուն-ազգանվան վրա սեղմելիս կարող եք նաեւ տեղեկանալ նրա կենսագրական տվյալների մասին. քաղաքապետի խորհրդականների թվում նշված է Կորյուն Մկրտչյան անուն-ազգանունը, սակայն կենսագրական բոլոր տվյալները բացակայում են: Առողջապահության վարչությունը եւս ժամանակավոր պաշտոնակատար ունի՝ Յակով Ասատրյան. նրա կենսագրական տվյալները եւս բացակայում են: Ժամանակավոր պաշտոնակատարներ ունեն նաեւ Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունը, Բնապահպանության վարչությունը, Գնումների վարչությունը, Եկամուտների հաշվառման եւ գանձման վարչությունը, Շինարարության եւ բարեկարգման վարչությունը, Վերահսկողության վարչությունը, Լրատվության վարչությունը, Տրանսպորտի վարչությունը, Քարտուղարությունը, Քաղաքաշինության եւ հողի վերահսկման վարչությունը:

Այսինքն 26 վարչություններից 12-ը ունեն ժամանակավոր պաշտոնակատարներ: Բաժիններից ժամանակավոր պաշտոնակատար ունի Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժինը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը զգալի ավելացել է: Եթե 2021 թվականին Հայաստանում կացության կարգավիճակ ստացել է Ռուսաստանի 766 քաղաքացի, ապա 2022 թվականին նրանց թիվը կազմել է 8562: Տեղեկացնենք, որ այս թիվը մեծացել է նախորդ տարվա փետրվարի 24-ից սկսած ռուս-ուկրաինական ռազմական գործողություններից հետո, երբ մեծ թվով ռուսներ եկան Հայաստան:

Ավելին՝ ավելացել է նաեւ ՀՀ քաղաքացիություն ստացող ՌԴ եւ Ուկրաինայից ներգաղթած հայերի թիվը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում կացության կարգավիճակ ստացել է նաեւ Ուկրաինայի 385 քաղաքացի։ Այս թիվը եւս, 2021 թվականի հետ համեմատ, ավելացել է: Տեղեկացնենք, որ երբ մարդը տեւական ժամանակ բնակվում է Հայաստանում եւ ցանկանում է բիզնես գործունեությամբ զբաղվել, ստանում է կացության կարգավիճակ:

«Փաստն» այս օրերին թե՛ սպառողներից, թե՛ տարբեր խանութներից տեղեկություններ է ստանում, որ շուկայում տեղական թռչնամսի դեֆիցիտ կա: Մյուս կողմից՝ նկատելի է, որ առանձին խանութների վաճառասրահներում հայտնվել է վրացական «թարմ թռչնամիս»: Հարցի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանից: Վերջինս, մասնավորաբար, մեկնաբանեց շուկայում վրացական թարմ թռչնամսի առկայության փաստը: «Այդ հարցով դիմել ենք էկոնոմիկայի նախարարությանը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին և մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, հարցը քննարկման փուլում է: Թռչնամսի շուկայում անհավասար մրցակցություն է:

Տեղական արտադրողները հիմնականում արտադրում են թարմ պաղեցված միս, ապահովում են ամբողջ շուկայի պահանջարկը: Իսկ հիմա Վրաստանից՝ երրորդ երկրից կրկին ներկրվում է թարմ պաղեցված միս: Սկզբից ներկրվում էր բացառապես սառեցված թռչնամիս, հիմա ստացվել է այնպես, որ ներկրվում է նաև թարմ պաղեցված թռչնամիս, որը չի համապատասխանում թռչնամսի անվտանգության կանոնակարգի պահանջներին, այդ թվում՝ տեղափոխում, փաթեթավորում, պահպանում և մակնշավորում: Այս բոլոր կետերով անհամապատասխանություն կա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ստեփանյանը:

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Flyone Armenia» ավիաընկերությունն իր անտրամաբանական տրամաբանությամբ առաջացրել է ուղեւորներին զայրույթը: Պարզվում է՝ փետրվարի 11-ին Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորները ոչ միայն 1 ժամ 20 րոպե ուշացումով են վայրէջք կատարել, այլ նաեւ ավիաընկերության ներկայացուցիչը ներկա չի եղել ուղեւորներին գրանցման ու ճանապարհման ժամանակ, իսկ նրա փոխարեն՝ ներկայացված է եղել ինչ-որ տոմս վաճառող բրոկերային ընկերության ներկայացուցիչ:

Ավելին՝ օնլայն գրանցումը չանցած ուղեւորները ստիպված են եղել տոմսի գումարից զատ՝ եւս 3 հազար ռուբլի վճարել՝ գրանցման համար: Ստացվում է, որ տոմս ունենալը, դեռ չի նշանակում, որ կթռնես A-կետից B կետ:

Մինչդեռ էլ.փոստով ուղարկված գրանցումը կարող է կա՛մ տեղ հասած չլինի, կա՛մ ինտերնետի հետ կապված խնդիրներով, պարզապես, հնարավոր չլինի գրանցվել, սակայն սա թերեւս քիչ է հուզում ավիաընկերությանը: Մարդիկ գտել են հեշտ փողեր աշխատելու ճանապարհը»: