Գյումրիում Փաշինյանն ապացուցեց, որ իրեն խորթ են որդիական զգացմունքները, ծնողական սերը, ընտանիք հասկացությունը

Գյումրիում քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ իրականացվող ռեպրեսիաները, նրանց նախընտրական շտաբներում իրականացվող քննչական գործողությունները, տարատեսակ կեղծ կասկածներն ու մեղադրանքները վկայում են միայն մի բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում տապալվել է։ Այո, հենց Նիկոլ Փաշինյանը, քանի որ Հայաստանում պետական այլ մարմին գոյություն չունի, կա միայն Նիկոլ Փաշինյան ի բոլոր դրսևորումներով։
Բացարձակ կարևոր չեն իրավապահ մարմինների կողմից տարածվող պաշտոնական հաղորդագրությունները, որոնցում իբր նշվում է գործողություններ իրականացնելու պատճառները։ Դրանք ամբողջովին կեղծիք են, հետևաբար կարող են գրել ինչ ցանկանում են։
Եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ Սարիկ Մինասյանի հաղթանակին, ապա բացարձակ կարիք չէր լինի հերթական անգամ ապացուցելու, որ իր համար ժողովրդավարություն ասվածը ընդամենը դատարկ խոսք է, լյումպեն մասսայի վրա ազդելու համար։ Սակայն Նիկոլ Փաշինյանը վերջնականապես հրաժարվեց ժողովրդավարության դիմակից ու հանուն իր քաղաքական միավորի, հանուն իր թեկնածուների հաղթանակի այլևս չի խորշելու ոչ մի քայլից, ոչ ընտրակեղծիքներից, ոչ ընտրակաշառքներից, ոչ կեղծ քրեական գործեր հարուցելուց, ոչ էլ ռեպրեսիվ մեթոդների դիմելուց։ Նա կորցնելու ոչինչ չունի, հետևաբար նրան ժողովրդավարության թատրոններ այլևս պետք չեն։
Հատկանշական է նաև, որ իրավապահների կողմից այսօրվա ռեպրեսիվ գործողությունները հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի երեկվա հիստերիային։ Երեկվա Նիկոլ Փաշինյանի պատերով տալու հայտարարությունը գործելու ուղիղ հրահանգ էր իրավապահ մարմիններին։
Սակայն այս անգամ Նիկոլ Փաշինյանն արդեն անցավ ոչ միայն լկտիության սահմանները, այլև հերթական անգամ ապացուցեց, որ չունի ոչ մի սրբություն, որ իրեն խորթ են որդիական զգացմունքները, ծնողական սերը, ընտանիք հասկացությունը։ Իր համար խորթ է ցանկացած մարդկայինը, որը մնացյալ բոլորի համար սրբություն է։ Նա հանուն իր քաղաքական նպատակների իրականացման ձեռք բարցրացրեց Մարտուն Գրիգորյանի ընտանիքի վրա, ներխուժեց նրա օջախ, ձերբակալելով վերջինիս հորն ու որդուն։
Սակայն զարմանալու ոչինչ չկա, վրդովվեցուցիչ է, բայց ոչ զարմանալի կամ անսպասելի։ Եթե մի մարդ ունակ է զոհել 5 հազար, հաշմանդամության սայլակին գամել տասնյակ հազարավոր երիտասարդների, խեղել մի ամբողջ սերունդ, մասնատել ու նվիրաբերել հայրենիքը, ուրանալ ազգայինը, ուրանալ երկրի պատմությունը, ուրանալ Ցեղասպանությունը, քաղաքական սակարկման առարկա դարձնել սեփական որդուն, միաժամանակ չունենալով մեղքի որևէ զգացում, ապա նրան համար ի՞նչ արժեք կարող են ունենալ այլոց երեխաները, այլոց ծնողն ու այլոց ընտանիքը։
Կարեն Կարապետյան