Խոշոր վթար՝ Գեղարքունիքում․ Nissan-ը բախվել է կամրջի բետոնե հատվածին ու հայտնվել ձորում․ կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Մ․-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Գանձակ բնակավայրից դեպի Սարուխան բնակավայր ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե եզրաքարին, երկաթե ճաղավանդակին և մոտ 6 մետր բարձրությունից ընկել և հայտնվել ձորում՝ կամրջի տակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կարեն Մ․-ն և նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ Արաքսյա Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ազգականներ են։