Հրապարակվել է արքայազն Հարիի մասին գրքի շապիկը. մեմուարների սկանդալային վերնագիրն արդեն ակտիվ քննարկվում է համացանցում

Հայտնի են դարձել արքայազն Հարիի մեմուարների հրատարակման ամսաթիվը և անվանումը։ Spare («Պահեստային») անվանումով գիրքը լույս կտեսնի 2023 թվականի հունվարի 10-ին՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ ժամանակ առաջ գրքի հրապարակումը կասկածի տակ էր դրվել թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան պատճառով։
Գրքի վերնագիրը վերաբերում է հին անգլիական Heir and Spare ասացվածքին («Ժառանգ և պահեստային»)։ Բանն այն է, որ գահաժառանգը միշտ պետք է ունենա եղբայր կամ քույր, ով կարող է նստել գահին՝ գահաժառանգի մահվան դեպքում։ Գրքի անվանումը կապված է հենց այն փաստի հետ, որ Ուելսի արքայազն Ուիլյամը միշտ եղել է գահաժառանգը, մինչդեռ ինքը՝ Հարրին՝ «պահեստային»-ը։
Հայտնի է դարձել նաև գրքի կարգախոսը՝ «Նրա խոսքերը, նրա պատմությունը»։ Գիրքը հասանելի կլինի նաև աուդիո ձևաչափով, այն կհնչյունավորի հենց ինքը՝ արքայազն Հարին:
Ինչպես ասվում է Penguin Random House-ի մամուլի հաղորդագրության մեջ, գիրքը կբացահայտի անկեղծ մանրամասներ թագավորական ընտանիքի կյանքից։
«Երբ Դիանային՝ Ուելսի արքայադստերը, հուղարկավորեցին, միլիարդավոր մարդիկ մտածում էին, թե ինչ են մտածում և զգում արքայազները, ինչպես կդասավորվի նրանց հետագա կյանքը, – ասվում է հրատարակչի կայքում,- ժամանակն է, որ Հարրին իր խոսքն ասի այս պատմության մեջ»։
Սասեքսի դուքսի գրքին շատերը զգուշավորությամբ են մոտենում։ Թագավորական կենսագիր Ռիչարդ Ֆիցվիլյամսը Daily Mail-ին ասել է, որ գրքի ազդեցությունը կարող է «շատ կործանարար» լինել: Նա նշել է հուշագրության «սենսացիոն» վերնագիրը՝ ենթադրելով, որ այն «ենթադրում է, որ Հարրին չի գնահատվել, կամ որ նա իրեն չի զգում իրադարձությունների կենտրոնում»։
Կենսագիրի խոսքով՝ գրքի թողարկումը, ինչպես նաև մամուլի հաղորդագրության մեջ խոստացված բացահայտումները «անհանգստացնում են Բուքինգհեմյան պալատին՝ հատկապես հաշվի առնելով, որ դրանք Չարլզ III թագավորի կառավարման առաջին ամիսներն են»։
Բացի մեմուարների հրապատարակումից՝ նախատեսվում է նաև վավերագրական ֆիլմաշարի թողարկում արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի մասին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել զույգի և Netflix ծառայության միջև կոնֆլիկտի մասին։ Ըստ ինսայդերների՝ Մեգանն ու Հարրին ցանկանում էին փոփոխություններ կատարել Եղիսաբեթ II թագուհու մահից հետո արդեն նկարահանված կադրերում, ինչպես նաև հետաձգել թողարկման օրը։ Սակայն Netflix-ը հրաժարվել է զիջումների գնալ։
Այժմ արքայազն Հարին կնոջ՝ Մեգան Մարքլի և երկու երեխաների՝ Արչիի և Լիլիբեթի հետ միասին ապրում է Միացյալ Նահանգներում թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո։
Նյութի աղբյուրը՝ showbiz.am