Ես վստահ եմ, որ գյումրեցիներն ընտրելու են ընդդիմադիր թեկնածուի․ Արթուր Վանեցյան

Քաղաքական շրջանակներն, այո, Գյումրու ընտրություններին ուզում են համապետական էֆեկտ տալ, բայց հողի վրա շփվելով գյումրեցիների հետ, պարզ է դառնում, որ այդքան էլ այդպես չէ։ Այդ մասին 24news.am-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ գյումրեցին իր համար լավ քաղաքապետ է ուզում ընտրել, որը կլուծի քաղաքի հարցերը։
«Բայց չենք էլ կարող ասել, որ Գյումրու ընտրությունները համապետական էֆեկտ չեն ունենալու։ Ես վստահ եմ, որ Գյումրիում ՔՊ-ն հաջողության չի հասնելու։ ՔՊ-ն չի կարողանալու Գյումրիում ձևավորել քաղաքային իշխանություն, ես վստահ եմ, որ գյումրեցիներն ընտրելու են ընդդիմադիր թեկնածուի։ Թե ով կլինի այդ թեկնածուն, ցույց կտան ընտրությունները։ Եթե շփվում են սովորական գյումրեցիների հետ, տոտալ ատելություն կա դեպի ՔՊ։ Մենք տեսնում ենք, որ ՔՊ-ի քարոզարշավն անցնում է բացառապես վարչական լծակների օգտագործմամբ, այսինքն՝ մարդկանց ստիպողաբար հանում են փողոցներ, որ աջակցեն իրենց թեկնածուին։ Իսկ ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկն այդ վարչական լծակը չունի, բայց մարդիկ ողջունում են, բացահայտ գնում են հանդիպումներին և ասում են, որ ընտրելու են ընդդիմադիր թեկնածուին»,- նկատել է Արթուր Վանեցյանը։
«Հայրենիք» կուսակցության նախագահի դիտարկմամբ՝ եթե ընդդիմադիր ուժերը ջախջախիչ հաղթանակ տանեն ՔՊ-ի նկատմամբ, ապա վստահաբար դա ունենալու է դրական ազդեցություն ամբողջ հանրապետության բնակչության վրա։
«Այսինքն՝ մարդիկ հասկանալու են, որ այն միֆը, թե ՔՊ-ն ունի բացարձակ աջակցություն քաղաքացիների կողմից, կոտրվում է։ Մենք Վանաձորում ենք ունեցել նման դեպք, բայց այն ժամանակ այդքան սրված չէր վիճակը»,- նշել է նա։
Այնուամենայնիվ, Արթուր Վանեցյանը վստահություն է հայտնել, որ Գյումրիում հաղթելու է ընդդիմությունը։