Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ ՔՊ-ն՝ իշխանության պահպանմանը

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ ՔՊ-ն՝ իշխանության պահպանմանը

Այսօր հուլիսի 16-ին, Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

ՔՊ-Ադրբեջան հարաբերությունների խորացման շրջանակներում կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում ամենայն հավանականությամբ կրկին ՀՀ հպարտ, բայց 2018թ.-ից խաբված քաղաքացիների թիկունքում նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
 Փաշինյանը ցանկանում է ամեն գնով հասնել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացմանը՝ կարծես թե որևէ գերտերության այդպիսի խոստում է տվել՝ իշխանության մնալու դիմաց:

Հայկական պետական, ազգային շահերից չի բխում Ադրբեջանի հետ խաղաղությունը Բաքվի նախապայմաններով, քանի որ դրանք հայակործան են: Ալիևը հայտարարում է, որ ղարաբաղյան հարցը լուծված է, Սյունիքը «պատմականորեն իրենց տարածքն» է, անգամ մայրաքաղաք Երևանը: Ինչ են բանակցել Միրզոյանն ու Բայրամովը Թբիլիսիում, բարդ է ասել՝ միգուցե վրացական ինչ գինի կարելի է համտեսել:

Ադրբեջանը, օկուպացնելով Արցախի մեծ մասը, բնակեցնում է այն, կառուցում է նոր լոգիստիկա, զորամասեր, ավելացնում է իր բանակի թվաքանակը՝ գնելով նոր, արդի զինատեսակներ: Դատելով այդ քայլերից Բաքուն պատրաստվում է նոր պատերազմի, այլ ոչ թե ՔՊ-ի երազած «խաղաղության դարաշրջանն» է կառուցում:

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ավելի մեծ կախվածություն է ձեռք բերել Թուրքիայից և Անկարայի հետ համատեղ օգտվում է ՔՊ-ական իշխանությունների անատամ քաղաքականությունից արցախյան հարցում:

Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, իսկ ՔՊ-ն՝ ամեն գնով իշխանությունը պահպանելուն:

ՀՀ-ում միայն իշխանափոխությունը  կարող է խախտել թուրք-ադրբեջանական հայակործան ծրագրերի իրագործումը։

Վահրամ Բագրատյան