Ի՞նչ օրակարգ ունի Արմեն Գրիգորյանը

Ի՞նչ օրակարգ ունի Արմեն Գրիգորյանը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն, որտեղ հունվարի 14-ին կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը:

Անշուշտ, որևէ մեկը դեմ չէ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային, արտաքին քաղաքական նախաձեռնողականությանը:

Ամբողջ խնդիրն այն է, որ տեսանելի չեն քաղաքական այն դիվիդենտները, որ Հայաստանը կարող է ունենալ կոնկրետ այս հանդիպումից, որն, ըստ էության, միտված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի արտաքին քաղաքական կուրսի շուրջ միջազգային կոնսոլիդացիայի ապահովանը:

Երբ Հայաստանը «ջանասիրությամբ» մասնակցում է նման հանդիպումների, ապա խախտում է պարիտետային, բալանսավորված արտաքին քաղաքականության սկզբունք՝ ավելորդ լարվածություն հարուցելով հայ-ռուսական հարաբերություններում:

Ի՞նչ է շահում սրանից Հայաստանը, մանավանդ, երբ ուրվագծված չէ նոր աշխարհակարգը, իսկ այդ համատեքստում արտաքին քաղաքականության ռևերսի փորձն անգամ կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ: Էլ չխոսենք այն մասին, որ ուկրաինական պատերազմում այս պահին առնվազն դիրքային առավելությունը ռուսների կողմն է:

Իսկ գուցե Արմեն Գրիգորյանը ներիշխանական, ներքաղաքական խնդիրնե՞ր է լուծում:

Համառորեն լուրեր են պտտվում առ այն, որ արևմտյան մայրաքաղաքներում հիասթափված են Փաշինյանից ու փորձում են նախադրյալներ ստեղծել՝ Գրիգորյանին Հայաստանի ղեկավար դարձնելու համար:

Վահրամ Բագրատյան