Ի՞նչ եղանակ է սպասվում մարտին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Ի՞նչ եղանակ է սպասվում մարտին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հանրապետությունում մարտ ամսվա համար կանխատեսվում է տաք եղանակ։ Օդի ջերմաստիճանը նկատելի կբարձրանա։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ վերջին երեք օրերին մթնոլորտի շրջանառության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Ատլանտյան օվիկանոսում գտնվող Ազորյան կղզիների շրջակայքում ձևավորված հզոր ազորյան անտիցիկլոնը տարածվել է ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում ու նրա ճյուղավորումները հասել են Հայաստան։ 

«Եվ ահա մարտ ամսվա կանխատեսումը փոխվել է։ Այսպիսով, մարտին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է ոչ թե նորմային մոտ, այլև կլիմայական նորմայից բարձր 3-4 աստիճանով, իսկ տեղումների քանակը՝ նորմայից պակաս»,-ասաց Գագիկ Սուրենյանը։ 

Տաք օդի ալիքի ներթափանցման դեպքում մարտին հանրապետության որոշ մարզերի լեռնային գոտիներում՝ Շիրակ, Կոտայք, Արագածոտն, Վայոց ձոր, Գեղարքունիք, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +11․․․+16 աստիճան։ Լոռիում, Տավուշում օդի ջերմաստիճանը +20-ից բարձր կլինի։ Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի +24-ի։ Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը կհասնի +26-ի, իսկ նախալեռնային հատվածներում՝ +18․․․+22-ի։ Երևանում առավելագույն ջերմաստիճանը մարտին սպասվում է +23 աստիճան։

Մարտի երրորդ տասնօրյակում ցուրտ օդային ալիքի ներթափանցման դեպքում Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում և Վայոց ձորի լեռնային գոտիներում ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -7․․․-12 աստիճան, Լոռիում՝ -6․․․-10, Տավուշում -2․․․-5, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում -2․․․-5, Սյունիքի հովտային գոտում 0․․․-4,  նախալեռներում՝ -3․․․-8, Երևանում՝ -2․․․-4 աստիճան։ 

Առաջին օրերին Իրաքի շրջաններից Հայաստան ներթափանցում են տաք օդային հոսանքներ և առաջիկա 10 օրերին Հայաստանը գտնվելու է դրանց ազդեցության գոտում։ Մարտի 6-10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 10-13 աստիճանով։ Արդեն մարտի 10-ին Երևանում կանխատեսվում է +17․․․+19 աստիճան։ 

Առաջիկա 10 օրվա ընթացքում տեղումներ չեն սպասվում։