Այս ուստարին Կիրանցում կմեկնարկի Ադրբեջանի հետ նոր սահմանից 40մ հեռավորության վրա կառուցված դպրոցում

Այս ուստարին Կիրանցում կմեկնարկի Ադրբեջանի հետ նոր սահմանից 40մ հեռավորության վրա կառուցված դպրոցում

Սահմանից մոտ 40 մետր հեռավորության վրա՝ նոր ճանապարհի ու սահմանային պատի հարևանությամբ գտնվող Կիրանց գյուղի նորակառույց դպրոցում շինարարական ակտիվ եռուզեռ է։

Դպրոցի տնօրենը MediaHub-ին ասաց, որ այս պահին աշխատանքները կատարվում են մի քանի ուղղություններով։

«Այս պահին ես դպրոցում եմ, ու բոլորս լծված ենք աշխատանքի, փորձում ենք հասցնել։ Կատարվում են ներսի և դրսի հարդարման, տարածքի բարեկարգման և մաքրման աշխատանքներ»,- ասաց Վոլոդյա Բաբինյանը։

Նրա խոսքով՝ 100 տեղանոց նորակառույց դպրոցը նոր ուսումնական տարում կընդունի 34 կամ 35 աշակերտի, քանի որ դպրոցն ունի հիմնականի կարգավիճակ։

«Եթե ԿԳՄՍ նախարարությունը միջնակարգի  կարգավիճակ տա Կիրանցի դպրոցին, ապա մեր այն աշակերտները, որոնք սովորում են Ծաղկավանի կամ Սարիգյուղի դպրոցներում, կվերադառնան»,- ասաց նա։

Բաբինյանից հետաքրքրվեցինք նաև, թե արդյո՞ք ծնողների հետ ընդհանուր համաձայնության են եկել, քանի որ աշակերտների ծնողների մի մասը դեմ էր նոր դպրոցի շահագործմանը։ Վերջիններս պատճառաբանում էին անվտանգությունը, քանի որ սահմանազատումից հետո դպրոցը հայտնվել է հայ-ադրբեջանական պետական նոր սահմանագծին։

«Բնակավայրի փոփոխությամբ պայմանավորված ընտանիք կա, որ մեր դպրոց չի ուղեկցի իր երեխային։ Մյուսների հետ ընդհանուր հայտարարի ենք եկել։ Հին դպրոցի դիրքը լավ է, բայց վթարային է։ Ամեն ինչ այս պահին նորմալ է։ Մնում է, հասցնենք սեպտեմբերի 2-ին հնչեցնել առաջին զանգը»,- հավելեց տնօրենը՝ հույս հայտնելով, որ վերջնական խաղաղություն կլինի, և սահմանամերձ գյուղը զարգացում կապրի։

Հունան Թադևոսյան