Դավիթ Տոնոյանը կգնա՞ ԱԺ

Դավիթ Տոնոյանը կգնա՞ ԱԺ

Տրամաբանական է, որ Դավիթ Տոնոյանը կհրավիրվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, սակայն իմ վերջին տեղեկություններով՝ դեռ հրավեր չի ստացել։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Նշենք, որ ըստ մամուլի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանից հետո պետք է հրավիրվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն այս պահին գտնվում է ԱԱԾ մեկուսարանում:

Ըստ մամուլի ՝ հանձնաժողովի ներսում երկու տեսակետ կա. կա՛մ պետք է իրենք թույլտվություն ստանան եւ գնան նրա մոտ, կա՛մ պետք է ընթացակարգերով դիմում գրեն եւ այնպես անեն, որ Դավիթ Տոնոյանին կարողանան բերել Ազգային ժողով։ Հավելենք, որ առաջիկայում այս հանդիպումների շարքը շարունակվելու է, եւ նոր հրավիրվողներ էլ կլինեն: «Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովի գործունեությանը քիչ ժամանակ է մնացել, եւ պետք է արագացնել աշխատանքները,ամփոփել դրանք եւ ներկայացնել եզրակացություն»:

Հարցին, թե ի՞նչ տրամադրվածություն ունի Դավիթ Տոնոյանը, փաստաբանը փոխանցեց վերջինիս կարծիքը.

«Չգիտեմ, թե ինչպես կարձագանքի, իսկ իր արձագանքը, կարծում եմ, կապ ունի հրավերի ֆորմատի հետ։ Մինչև իմ վերջին տեսակցությունը Տոնոյանի դիրքորոշումը եղել է այն, որ երբ պաշտոնական հրավեր ստանա, իր որոշումը մամուլում տեղ կգտնի»,-ասաց նա։

Ճշտող հարցին, թե ե՞րբ պարզ կլինի հրավեր ստանալու լուրի իսկությունը, վերջինս պատասխանեց՝ երկուշաբթի է տեսակցելու պաշտպանյալին, այդ ժամանակ էլ կտեղեկանա՝ հրավեր ստացել է, թե ոչ և  ինչպես է այդ հրավերին արձագանքելու։

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին։

Լիաննա Թորոսյան