Քրիստոսի օրինակով վերափոխվելու և կյանքը պայծառացնելու տոնը՝ Վարդավառը, մոտենում է

Քրիստոսի օրինակով վերափոխվելու և կյանքը պայծառացնելու տոնը՝ Վարդավառը, մոտենում է

Այս տարի Վարդավառը (Վրթիվեր, Վարթեվար) կամ Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշելու է հուլիսի 24-ին: Այն շարժական տոն է և խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը: Շատ հայերի մոտ Վարդավառի տոնը հիմնականում բնորոշվում է միմյանց վրա ջուր ցողելու հետ: Սակայն ջրի խորհուրդը ոչ մի կապ չունի հեթանոսության խորհրդի հետ, այն միշտ ուներ մաքրագործության խորհուրդ, իսկ հետազոտելով Վարդավառի ակունքները՝ տեսնում ենք, թե ինչպես է այն մեզ հասնում Նոյան ավանդապատումից:

Հայաստանում Վարդավառը հնագույն արմատներ ունեցող տոներից է: Այն իր մեջ արտացոլում է հայոց պատմության և ամառային տոնակատարությունների բոլոր դրվագներից՝ Նոյի պատմություն, Հայկի և Բելի ավանդազրույց, Անահիտ և Աստղիկ դիցուհիների կերպարներ, նավասարդյան տոնակատարություններ, քրիստոնեական մեկնաբանություններ:

Ըստ տոնի խորհրդի՝ ինչպես Քրիստոսը բարձրացավ Թափոր լեռը և պայծառակերպվեց, այնպես էլ մենք, Քրիստոսի օրինակով, պետք է կարողանանք վերափոխվել և պայծառացնել մեր կյանքը` սրբագրելով մեր կյանքից ամեն չար հակում ու ցանկություն: Թափոր լեռը խորհրդանշում է մարդկային բարձունքը, որն ամեն մեկս պետք է կարողանանք բարձրանալ: Ավետարանը պատմում է, որ Քրիստոսը իր հետ վերցրեց երեք աշակերտների, որոնք իրենց բնավորությամբ և նկարագրով մեզ տալիս են պայծառակերպության ճանապարհը։

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:  Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականցնել Աստծո կամքը:


Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի` վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: