Երիտասարդ տղամարդիկ իրենց IQ-ն ավելի բարձր են գնահատում, քան կանայք

Երիտասարդ տղամարդիկ իրենց IQ-ն ավելի բարձր են գնահատում, քան կանայք

Կիպրոսի Եվրոպական համալսարանի գիտնականները պարզել են, որ երիտասարդ տղամարդիկ իրենց IQ-ն ավելի բարձր են գնահատում, քան կանայք: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Brain and Behavior ամսագրում։

Աշխատանքներին ընդհանուր առմամբ մասնակցել է 311 մարդ (որից 128-ը՝ տղամարդիկ)։ Մասնակիցներն իրենց ինտելեկտի մակարդակը գնահատել են 0-100 բալանոց սանդղակով, ինչպես նաեւ ֆիզիկական առողջության եւ ֆիզիկական գրավչության մակարդակը՝ 9 բալանոց սանդղակով: Այնուհետեւ բոլոր մասնակիցները լրացրել են աշխատանքային հիշողության ճանաչողական թեստ, որը ինտելեկտի եւ կրեատիվության ուժեղ ցուցանիշ է:

«Հունաստանում երիտասարդ տղամարդիկ իրենց ինտելեկտի գործակիցը (IQ) եւ էմոցիոնալ գործակիցը (EQ) ավելի բարձր են գնահատում, քան երիտասարդ կանայք: Տարեցների մոտ հայտնաբերվել է հակառակ օրինաչափությունը։ Մինչ այժմ հետազոտողները չեն նկատել գենդերային տարբերություններ տարեց մարդկանց ինտելեկտի ինքնագնահատականի մեջ»,- նշել են գիտնականները:

Բացի այդ, ֆիզիկական գրավչության, առողջության եւ կրոնականության գնահատականները դրականորեն կապված են այն բանի հետ, թե ինչպես են մասնակիցները գնահատում իրենց IQ-ն: Սակայն ոչ մի կապ չի հայտնաբերվել աշխատանքային հիշողության օբյեկտիվ ցուցանիշների եւ IQ-ի ինքնագնահատականի միջեւ: Սա խոսում է այն մասին, որ այս փոփոխականը հաճախ գերագնահատվում է: