Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Աղջոց վանք (լուսանկարներ)

MediaHub.am-ը շարունակում է իր հետևորդների ուշադրությանը ներկայացնել Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը։ Դեռ մի քանի օր կա ամռան ավարտին, և կարող եք հասցնել այցելել մեր շարքի քառասունյոթերորդ տեսարժան վայրը ՝ Աղջոց վանքը։
Աղջոց վանքի ներկայիս կիսավեր համալիրը կառուցվել է XIII դ. և բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, նրանցից հս. գտնվող բնակելի ու տնտեսական շինություններից: Եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք: Եկեղեցու պատերը զարդարված են բուսական և երկրաչափական զարդաքանդակներով, ինչպես նաև Հին և Նոր Կտակարանների թեմաներով կատարված արժեքավոր պատկերաքանդակներով (դրվագ Ահեղ Դատաստանից, Դանիելը` առյուծների գբում (փոսում) և այլն:
Ավանդության համաձայն Աղջոց վանքի կառուցումը եղել է Գ. Լուսավորչի մտահղացումն ու կյանքի է կոչվել նրա նախաձեռնությամբ: Աղջոց վանքը բազմիցս հիշատակվում է Հայսմավուրքներում՝ ծիսամատյաններում, ուր հավաքագրվում և ներկայացվում էր սրբերի կյանքն ու նահատակությունը:
Գրիգոր Խլաթեցու հեղինակած Հայսմավուրքում ներկայացվում է, թե երեք քահանաներ, ովքեր դարձել էին փախստական, գալիս են Գառնի: Նրանցից մեկը՝ Ստեփանոս քահանան, անցնում է Գառնիի լեռները և, այնտեղ մեզ անհայտ պատճառներով, մահանում: Մյուս քահանան՝ Գրիգորը, այդտեղ կառուցում է վանք՝ ի հիշատակ քահանա Ստեփանոսի, և ըստ ավանդության, այդ օրվանից ի վեր վանքը կոչում են Աղջոց: Վանքը հայտնի է եղել նաև «Սբ. Ստեփանոս Աղջոց վանք», «Սբ. Ստեփանոս Սբ. Գրիգոր վանք» անուններով:
Քանզի հայերի մեջ տարածված է եղել սրբերի անուննեորվ եկեղեցիների կառուցումը, չի բացառվում նաև, որ 4-րդ դարում Ստեփանոս քահանայի մասունքները երկար ժամանակ ամփոփված են եղել Աղջոց վանք համալիրում:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԱՂՋՈՑ ՎԱՆՔԻ ՄԱՍԻՆ
1․ Շատ ձեռագրեր են գրվել վանքում XV դարում: Այստեղ էին պահվում նաև Սուրբ Ստեփանոսի և Արիստակես Ա Պարթևի մասունքները: