Նորից թալանել են «Chevrolet Volt», տիրոջ տնից ապրանքներ ու գումար էին գողացել մոտ 1 տարի առաջ. Shamshyan

Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանում հերթական անգամ գողը կամ գողերը թալանել են հերթական «Chevrolet Volt» մակնիշի ավտեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Վ. Վահյան փողոցի 1-ին շենքի բնակչուհու անչափահաս աղջիկը դասի գնալիս նկատել է, որ իր մորը պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանել են:
Երեխան այդ մասին հայտնել է ծնողին, ինչից հետո ծնողը ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Ում ավտոմեքենան որ թալանել են, խնամքին ունի 2 անչափահաս երեխա, 1 տարի առաջ էլ էդ խեղճ աղջկա տունն էին թալանել, ու այդ գործը ոչ էլ բացվեց, ոչ հանցագործը կամ հանցագործությունները գտնվեցին, ոչ էլ գողոնը: Հիմա Քանաքեռ-Զեյթունի ոստիկաններն ու քննչներն եկել են, անկեղծ ասած՝ հույս էլ չունենք, որ էս գործն էլ կբացվի:
Խեղճ աղջկան էնքան կտանեն, կբերեն, մինչ մարդը «նադայել» լինի, բայց դե հո այդպես չի կարելի, պիտի վերջիվերջո գողին կամ գողերին բռնեն, ինչը դաս կլինի, որ հետագայում նման բաներ չլինեն:
Ոստիկաններն էլ եկել են դեպքի վայր, հարևանությամբ ինչքան տեսախցիկներ կան, փորձում են դրա միջոցով հետքի վրա դուրս գան, բայց դե լավ կլինի, որ թասիբով կպնեն ու գոնե էս աղջկա ավտոյի գողության գործը բացահայտեն»: