Առանց Փաշինյանի խոստովանության էլ պարզ էր, որ ԵՄ դիտորդները գալիս են վերահսկելու ՌԴ զորքի տեղաշարժը

«Արեւմտյան մեր գործընկերները սկսել էին մեզ խեթ նայել, թե պատրաստվում ենք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետեւ այնտեղ ռուսական զորքերի մեծ կուտակումներ կան, պատրաստվում ենք Ադրբեջանի վրա հարձակվել, խեղճ ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավել, որպեսզի հավասարակշռեն իրավիճակը... Մենք ասացինք՝ շատ լավ, եկեք՝ տեղում դիտարկեք ու տեսեք՝ իրականությանը համապատասխանում է, թե չէ»։
Փաշինյանի՝ խորհրդարանում արված այս աննախադեպ հայտարարությունից մեկ օր անց պաշտոնական այցով Հայաստան եկավ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը։
Թե ի՞նչ են խոսել փակ դռների հետեւում Փաշինյանն ու Խովաեւը, դժվար չէ գլխի ընկնել։
Ռուս պաշտոնյայի Հայաստան այցը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը MediaHub-ի հետ հարցազրույցում պայմանավորում է նրանով, որ Ռուսաստանն ուզում է ասել՝ ձեռքերս չեմ լվացել Ղարաբաղյան հակամարտության տրամաբանության շրջանակներում գործողություններ իրականացնելուց, կողմերին սեղանի շուրջ բերելուց՝ անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունները ինչ ուղղությամբ են գնում։
-Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ Հայաստան բերվող ԵՄ դիտորդների շրջանում կան նաեւ ֆրանսիացի ժանդարմներ, ինչը նաեւ հաստատել է Ֆրանսիայի սենատի պատգամավորը։ Ինչպե՞ս է սա ընկալում ռուսական կողմը։
-Եթե չեմ սխալվում՝ Գերմանիայի արտգործնախարարն էլ էր խոսել այն մասին, որ առնվազն Գերմանիայի կողմից ներգրավված չեն լինելու շարքային դիտորդներ։ Մենք տեսնում ենք, որ երկու պետություն ընդունում է, որ շարքային քաղաքացիներ չէ, որ մասնակցելու են դիտորդական առաքելությունը։ Երբ Ադրբեջանը 2016թ․-ին սանձազերծեց քառօրյա պատերազմն Արցախի դեմ, այդ պատերազմի արդյունքում, դիվանագիտական դաշտում, հնարավորություն եղավ ստեղծել մի իրավիճակ, երբ Ադրբեջանի գործողությունները վերահսկելու համար Արցախի եւ Ադրբեջանի սահմանին պետք է լինեին միջազգային դիտորդներ եւ Բաքուն համաձայնություն էր տվել դրան։ Փաստորեն Արցախի սահմանը միջազգայնացվում էր եւ այնտեղ լինում էին դիտորդներ նաեւ Ադրբեջանի կողմից ընդունված, որոնք պետք է վերահսկեին ստեղծված իրավիճակը։ Քառօրյա պատերազմն իր ծավալներով եւ գործողություններով նման է 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերին։ Երբ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը տարածում է տեղեկություն, թե Հայաստանն է ագրեսորը եւ ռուսական կողմի հետ միասին փորձում է գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ, ստացվում է, որ Ադրբեջանն իր այդ անհեթեթ մոտեցումը կարողացել է դիվանագիտորեն ամրագրել։ Հայկական կողմի դիվանագիտական պարտությունն է, որ իրենք կարողանում են հիմնավորել իրենց գործողությունները նրանով, որ Հայաստանը, իբր թե, ագրեսիա է նախապատրաստում։ Ստացվում է, որ մենք պարտվել ենք մարտի դաշտում՝ ունենալով հազարավոր զոհեր, զիջելով դիրքեր, զուգահեռ Ադրբեջանին թույլ ենք տվել ամրագրել դիրքորոշում, որ դրա պատասխանատուն Հայաստանն է, որովհետեւ ռուսական զորքերի տեղաշաժով պայմանավորված ագրեսիվ քայլեր է ձեռնարկում։
Առանց Փաշինյանի ինքնախոստովանության էլ պարզ էր, որ ԵՄ դիտորդները գալիս են Հայաստան՝ վերահսկելու ռուսական զորքի տեղաշարժը։ Սա աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության արարներից մեկն է։ Այս խնդիրը ուզում եմ դիտարկենք Հայաստանի շահերի տեսանկյունից, ստացվում է, որ պարտվել ենք եւ՛ մարտի դաշտում, ե՛ւ՝դիվանագիտության։ Սա է իրողությունը։
-Վերլուծելով Փաշինյանի վերջին հայտարարությունները, կարո՞ղ ենք հիմնավորել, որ Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը մերժվեց՝ Արեւմուտքի քիմքին հաճոյանալու համար։
-Հակադարձության մեջ մի՛ դրեք Արեւմուտքի, Թուրքիայի կամ Արբեջանի շահերը։ Փաշինյանն այս դեպքում խաղացել է երեքի շահերի տրամաբանության շրջանակներում։ Իհարկե, նրա այդ գործողություններում հակառուսականության դրսեւորումներ կային եւ դա դիտարկվում է՝ Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում մեղմելու, նվազեցնելու, աշխարհաքաղաքական փոփոխության ուղղված քայլ։ Մի ձեւակերպում կար՝ «եւ, եւ», հիմա այդ դեպքն է՝ եւ՛ Արեւմուտքին, եւ՛ թուրք-ադրբեջանական տանդեմին։
-Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը նաեւ ասել է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ տարաձայնություն չկա «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են միջանցք տրամադրել Ադրբեջանին։
-Ռուսական կողմի պաշտոնական մոտեցումն այն է, որ եռակողմ ֆորմատով ձեռք բերված բոլոր բանակցությունները պետք է կյանքի կոչվեն։ Կարծում եմ՝ դեսպանի ասածն այն է, որ ՀՀ իշխանությունները ընդունել են մի տարբերակ, որով Հայաստանի տարածքով պետք է ապահովվի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապը՝ ռուս զինվորականների վերահսկողության տակ։ Եթե կա քո ստորագրությունը վերեւում ասված թղթի տակ, նշանակում է, դու առարկություններ չունես։
-Փաշինանն ասում է՝ միջանքի մասին խոսակցություն չի եղել, կոմունիկացիաների ապաշրջափակումն է հայկական կողմի առաջարկած տարբերակը։
-Եկեք դրանք անվանենք ճանապարհներ, կոմունիկացիաներ։ Թե Ադրբեջանում դա ինչպես կանվանեն՝ իրենց գործն է։ Խնդիրն այն է, որ Հայաստանը վերցրել է պարտավորություն՝ կյանքի կոչել կոմունիկացիների ապաշրջափակումը եւ պետք է իրականացնի։ Պարադոքսն այս ամենում այն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եռակողմ պայմանավորվածություն է։ Փաշինյանը, ելնելով նրանից, որ ոուսական կողմից չի ստանում այն քաղաքական աջակցությունը, որը թույլ կտար կոմունիկացիների ապաշրջափակումից հետո էլ պահպանել իշխանությունը, փորձում է նոյեմբերի 9-ի փաստաթղթով ձեռք բերված պայմանվորվածությունները կյանքի կոչել Արեւմուտքում։ Մեր խնդիրները եւ այդ լարվածության օջախը հենց սրանում է կայանում։
Լիա Սարգսյան