Արամ Զավենիչ, Սանասարյան ու մնացյալը․ Բերձորն ու Աղավնոն հանձնողի ձեռք սեղմելու քաղաքական կատեգորիան

Արամ Զավենիչ, Սանասարյան ու մնացյալը․ Բերձորն ու Աղավնոն հանձնողի ձեռք սեղմելու քաղաքական կատեգորիան

Այսօր տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստը:

 

Կառավարության պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ  ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

 

Այստեղ հարկ է նշել, որ անգամ եթե չնշվեին այս անունները հաղորդագրության մեջ, քչերը կպատկերացնեին, որ Փաշինյանի մոտ ներկա-բացակա ստացողների կազմը փոխվել է․ նույն Արամ Զավենիչը, նույն «մերժիր Սերժին Դավոն», կամ քաղաքական գերեզմանոցից արտաշիրիմում արված Շիրինյանը։ Վերջինիս այսպես ասված քաղաքական կարիերան 2018-ից հետո «վերելք» է ապրում բացառապես Փաշինյանի կաբինետ մտնել-դուրս գալու հաշվին կամ Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցով ընդդիմությանը վարկաբեկող հարցազրույցների կոնտեքստում միայն։ 

 

Ի դեպ, ինչ վերաբերում է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին։ Թեև վերջինս հանդիպումներ Փաշինյանի հետ ունեցել է և հենց այս ծիրում էլ գործունեություն է ծավալում, սակայն ի սկզբանե հայտարարել էր, որ արտախորհրդարանական ուժերի այս հարթակը չի կարող արդյունավետ լինել, քանի որ դրանում ընդգրկված են ուժեր, որոնք պռոռուսական ուղղվածություն ունեն և կողմ են թե՛ Միութենական պետության անդամակցությանը, թե՛ Սյունիքում ռուսական ռազմաբազային։ Այլ կերպ ասած, դատելով այսօր Փաշինյանի մոտ տեղի ունեցած հանդիպման մասնակիցների կազմից, Տիգրան Արզաքանցյանն է պատճառը, որ նա չի միանում այս հարթակին։ 

 

Պաշտոնական հաղորդագրության հրապարակվելուց հետո Արման Բաբաջանյանն, ի դեպ, սոցիալական ցանցի իր տիրությում նշեց իր գտնվելու վայրը՝ Փարիզ։

 

Թե ինչու էր այսօրվա հանդիպումից բացակայում մեկ այլ մշտական մասնակից՝ Նորայր Նորիկյանը, մենք տեղեկություն չունենք․․․․ թեև սա բացարձակ կարևոր չէ։ Կարևոր է միայն մի բան՝ ինչպես են այս մարդիկ ձեռք սեղմում և ժպիտով հանդիպում անցկացնում մի մարդու հետ, ում օրհնությամբ ադրբեջանական զորքերը երեկ մտան Բերձոր, Աղավնո և  Ներքին Սուս ու սա շարունակական է լինելու․ մնացածը էական չէ։