Նախքան քրիստոնյա հայերին «ինտեգրելը», Ադրբեջանը սպանում է նրանց՝ կազմակերպելով դիվերսիոն գործողություններ

Նախքան քրիստոնյա հայերին «ինտեգրելը», Ադրբեջանը սպանում է նրանց՝ կազմակերպելով դիվերսիոն գործողություններ

Ադրբեջանն ամեն օր ապացուցում է, որ ի վիճակի չէ անգամ ապահովելու այն նարատիվները, որոնք ձևակերպում է միջազգային հանրության աչքի առաջ․ այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Միջազգային հանրությունն Ադրբեջանից պահանջել է վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել և ուղիղ բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ ներդնելով միջազգային մեխանիզմ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքներով։ Սրան ի պատասխան՝ նախքան քրիստոնյա հայերին «ինտեգրելը», Ադրբեջանը սպանում է նրանց՝ կազմակերպելով տարբեր դիվերսիոն գործողություններ, ապա ոչնչացնում քրիստոնեական եկեղեցիներն ու քրիստոնեական ժառանգության հուշարձանները, հետևաբար՝ Ադրբեջանը քրիստոնյա հայերին ինտեգրելու ծրագիր չունի։

Ավելին, շուրջ 7 ամիս դադարեցնում է գազամատակարարումն ու էլեկտրաէներգիան, շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, արդեն արձանագրվել են սովից մահացող երեխաների դեպքեր։

Բնականաբար, այս քայլերով Ադրբեջանը դիմում է միջազգային քրեական հանցագործության՝ բոլորին հասկացնելով, որ վստահություն ստեղծելու միջոցներ չի ձեռնարկում։

Այս բացահայտ ապացույցների ճնշման տակ միջազգային հանրության ժողովրդավարության ինստիտուտները կամ պետք է ընդունեն, որ իրենք մասնաբաժին ունեն Լեռնային Ղարաբաղի հայերի 120.000 և 30.000 երեխաների սովի, սպանությունների և էթնիկ զտումների մեջ կամ հստակ քայլեր ձեռնարկեն միջազգային միջամտության տեսքով՝ դադարեցնելու մարդկության դեմ այդ հանցագործությունները։

Հակառակ դեպքում, 21-րդ դարը նշանավորվելու է մարդու իրավունքների ևս մեկ զանգվածային ոտնահարմամբ, ավելի կոնկրետ՝ միջազգային քրեական հանցագործությամբ, որը դեռևս կարող է կանխվել միջազգային հանրության կողմից»։