Ակայի «աստեղային ժամը»

Ակայի «աստեղային ժամը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Վանաձորի նախկին փոխքաղաքապետ, վերջին ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու, քրեական հետագծով հայտնի Արկադի Փելեշյանն է՝ Ական, որն անուրանալի ծառայություն է մատուցում Փաշինյանին։

Ակայի բաղձալի պաշտոնը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Արկադի Փելեշյանը՝ հանրահայտ Ական, որն անցած 5 տարիներին Մամիկոն Ասլանյանի տեղակալն էր։ Նա ավագանու ընտրություններում գլխավորեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը և ստացավ 5 մանդատ: Փելեշյանը հայտնի է նրանով, որ պարբերաբար հայտնվում է տարբեր սկանդալներում և 2008-ին դատապարտվել է խուլիգանության համար։ Դրանից մի քանի տարի առաջ էլ ծեծել էր Ավետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդին։

Հիմա, քրեական բարքերով այս մարդը նշանակվում է Վանաձորի համայնքապետի ԺՊ՝ զինվորագրվելով Փաշինյանի թիմին, դավաճանելով Վանաձորի ժողովրդի ընտրությանը, Մամիկոն Ասլանյանին, որի տեղակալն է եղել տարիներ շարունակ։

Փաշինյանի ավտորիտարիզմը

2021թ-ի դեկտեմբերի 5-ի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ամենաշատ թվով՝ ձայների 39 տոկոսն ստացել էր նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը, ապա՝ 25 տոկոսով՝ «Քաղաքացիական պայմանագիրը», իսկ հետո «Հասկը», «Հայրենիքն» ու «Ապրելու երկիրը»։

Եթե իշխանությունը չգնային ռեպրեսիվ քայլերի, չկալանավորեին Մամիկոն Ասլանյանին, ապա ժողովրդի ընտրությունը ռեալիզացված կլիներ ու Վանաձորը կունենար լեգիտիմ իշխանություն։

Սակայն իշխանությունը գնաց օրենսդրական ապօրինի փոփոխությունների ու Վանաձորի ՏԻՄ-ը «յուրացնելու» ուղղությամբ, նաև՝ Արկադի Փելեշյանի աջակցությամբ։

Վահրամ Բագրատյան