Երիտասարդության ձայնը. Արցախի կորուստ. ո՞վ է մեղավոր

Երիտասարդության ձայնը. Արցախի կորուստ. ո՞վ է մեղավոր

MediaHub-ը ներկայացնում է նոր նախագիծ՝ «Երիտասարդության ձայնը»: Նախագծի շրջանակում կներկայացնենք դպրոցականների, ուսանողների հրապարակումները այն ամենի մասին, ինչ իրենց շրջապատում է: Ինչպե՞ս են գնահատում երկրում առկա վիճակը, իշխանությունների վարած քաղաքականությունը, կրթության որակը և ինչպիսի՞ն են տեսնում ապագան:
***
Արցախի կորուստ. ո՞վ է մեղավոր

«Արցախի կորուստի պատճառը ոչ միայն ներկա իշխանության վարած քաղաքականությունն էր կամ նախկին իշխանությունների բացթողումը, այլ նաև վերջին տարիների ընթացքում ձևավորված հասարակության մեղքը: Մեծանում էինք այն գիտակցությամբ, որ հաղթել ենք, ու մեծամտանում էինք, որ ոչ մեկ չի կարող հաղթել մեզ: Ունեինք Արցախ ու Հայաստան, իսկ դե պատմական Անին ու Կարսն էլ հետ ենք բերելու, թուրքերը ո՞նց կարան մեզ բան ասեն, առանց հասկանալու, որ ունեցածը պետք է պահենք: Ու հիմա քիչ-քիչ սկսում ենք կորցնել մեր հայրենիքը՝ զինվորի պահած մեր երկիրը։ 

Ունեինք տոտալ անտարբերություն հայրենիքի նկատմամբ՝ մարդկային ողբերգությանը, պատմությանը, կրթությանը, ու ընկնելով այֆոնների վերջին սերնդների հետևից, ամենաթանկ ռեստորաներ գնալու, ուրիշ երկրներով հիանալու, թանկ հագուստ կրելու մոլուցքի մեջ՝ արդյունքում մոռացանք, թե ով ենք մենք, ովքեր են մեր նախնիները։ 

Սրճարաններից տուն չէինք գալիս, մինչդեռ հայրենիքի մյուս հատվածում հացի հերթեր էին; գնում էինք դպրոց կամ համալասարան, երբեմն մատների արանքով նայում ուսմանը, երբ հարենիքի մյուս անկյունում երազում էին լույս ունենալու մասին, որ գնան դպրոց կամ համալսարան, հրավառություններ էինք անում ու հրճվում, իսկ հայրենիքի մյուս անկյունում այդ նույն ձայները դժոխք էին հիշեցնում: Մտածում էինք, թե ուր գնանք գոնե մեկ օրով քաղաքից դուրս հանգստանալու, իսկ հայրենիքի մյուս մասում վառելիք չունեին, որ ծննդկանին հասցնեն ծննդատուն կամ կյանքի ճանապարհը կտրեին-անցնեին ու հայտնվեին մեկ այլ իրականության մեջ, որտեղ կարծես ոչինչ չէր եղել։ 

Այսպես ամիսներ շարունակ Հայաստանում երիտասարդության և պատանիների եթե ոչ մեծամասնությունը, ապա գոնե կեսն անտարբերություն ցուցաբերեց, իսկ թե հանկարծ ասեիր՝ ինչո՞ւ եք անտարբեր, նյարդային տոնով կպատասխանեին, թե՝ «ինչ ա է, պետք ա սաղ օրը լացե՞նք, կյանքը շարունակվում ա», բայց ոչ մեկ չի ասում մի ապրի, մի օգտվի կյանքի հաճույքներից, այլ շատերս, ովքեր անտարբեր չենք, ուղղակի մի քիչ ուշադրություն ենք ակնկալում, և պայքարին զուգահեռ էլի վայելում ենք կյանքն ու ապրում ոնց բոլորը։ Մենք ակնկալում ենք, որ պայքարենք հայրենիքի մասը չկորցնելու համար, համախմբվենք ու պահենք մեր հողը, որովհետև ներկա սերունդը մենք ենք, որ կարող ենք ինչ-որ բան փոխենք, որովհետև նախկին սերունդից ոչինչ չի մնացել, հայ հերոսների պահած հողն էլ ուրիշները հանուն փողի կամ աթոռի վաճառել են»։

Մարիամ Յայլոյան, 15 տարեկան