Խաղաղության գինը Եգիպտոսը մեզ նման շատ լավ գիտի. նախագահ Խաչատուրյանը՝ դեսպանին

Խաղաղության գինը Եգիպտոսը մեզ նման շատ լավ գիտի. նախագահ Խաչատուրյանը՝ դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնին ընդառաջ այսօր իր նստավայրում ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին, խնդրել է նաև իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին: «Բարեկամ Եգիպտոսի ժողովրդին և ղեկավարությանը մաղթում եմ հաջողություններ, նոր ձեռքբերումներ, ինչպես նաև խաղաղություն, որի գինն ու նշանակությունը Եգիպտոսը մեզ նման շատ լավ գիտի: Բոլորս ընդունում և հասկանում ենք, որ առանց կայուն խաղաղության հաստատման դժվար է իրականացնել ծրագրեր և արձանագրել առաջընթաց»,- նշել է Հանրապետության նախագահը:

Դեսպան Սերենադ Գամիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար: «Մեծապես գնահատում և զգում ենք այն հարգանքն ու սերը, որ տածում եք մեր երկրի և մեր ժողովրդի նկատմամբ: Ջերմ հարաբերություններ են ձևավորվել նաև Ձեր և մեր երկրի նախագահի միջև: Համոզված ենք, որ այս ամենը միտված է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու սերտացմանը»,- ասել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանը:

Զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, գիտական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային և այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է գործարար կապերի ակտիվացումը և զբոսաշրջության ոլորտի զարգացումը՝ որպես դրան նպաստող կարևոր հանգամանք նշվել Երևանի և Կահիրեի միջև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը:

Երկկողմ կապերի ամրապնդման գործում զրուցակիցները մեծ տեղ են վերապահել փոխայցելությունների ակտիվացմանը, որի լավագույն ապացույց են նախորդ տարվա սկզբին Եգիպտոսի նախագահի՝ Հայաստան և այս տարի Հայաստանի վարչապետի Եգիպտոս կատարած պաշտոնական այցերը:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի քաղաքական կամքը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ: