Ներսեսի հետ կապն ընդհատվել է․ որոնողական աշխատանքներն այդ ուղղությամբ արդյունք չեն տվել 

Ներսեսի հետ կապն ընդհատվել է․ որոնողական աշխատանքներն այդ ուղղությամբ արդյունք չեն տվել 

Ավելի քան 5 ամիս Աբաղյանների ընտանիքի աչքը ճամփին է, սպասում են սեպտեմբերի 19-ին մարտական դիրքից անհետ կորած Ներսեսին։ Նրա եղբայրը՝ Հիսուս Աբաղյանը, MediaHub-ի հետ զրույցում ասում է, որ վերջին անգամ Ներսեսը տուն է զանգահարել պատերազմից ժամեր առաջ, շնորհավորել ավագ եղբորը՝ երեխա ծնվելու կապակցությամբ։

«Զանգից ժամեր անց սկսվել է պատերազմը, այդ ընթացքում ու զինադադարից հետո չենք կարողացել նրա հետ կապ հաստատել։ Օրեր շարունակ սպասել ենք, մինչև տղաները սկսել են դիրքերից իջնել, այնուհետև փրկարարները սկսել են զոհված տղաների աճյունների ու վիրավորների տարհանումը»,- ասում է մեր զրուցակիցը։ 

25-ամյա Ներսեսը, լինելով ՊԲ պայմանագրային զինծառայող, հերթապահությունն իրականացնում էր 836 դիրքում՝ Ստեփանակերտ-Շուշի անտառային հատվածի «Ղայբալիշեն» կոչվող տեղանքում։ Մարտական ընկերները պատմել են, որ հրետակոծության ժամանակ բոլորը ցրվել են, Ներսեսը մնացել է այնտեղ։ Ընկերները բարձրացել են, հետո իրենցից ներքև գտնվող դիրքում, որտեղ Ներսեսն էր, լսել են ինքնաձիգի կրակահերթեր։ Ըստ վկաների՝ նա հայտնվել էր շրջափակման մեջ։ 

«Դրանից հետո փրկարարներն այդ ու հարակից դիրքերում իրականացրել են որոնողական աշխատանքներ, որին նաև ավագ եղբայրս է մասնակցել։ Ստեփանակերտ են տեղափոխել և՛ աճյուններ, և՛ վիրավորներ, որոնց մեջ Ներսեսը չի եղել։ Հայաստան տեղահանվելուց հետո ԴՆԹ թեստ ենք հանձնել դատաբժշկական գիտագործական կենտրոնում, որոնց պատասխանը դարձյալ բացասական է եղել»։ 

Հիսուսն ասում է, որ իրենց ընտանիքում ենթադրում են, որ եղբայրը գերության մեջ է, և որ Բաքուն ևս բարի կամք կդրսևորի, գերիներին ու այնտեղ պահվող պատանդներին կփոխանցի Հայաստանին, որոնց մեջ հրաշքով նաև Ներսեսը կլինի։ 

Աբաղյանների մեծ ընտանիքը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հադրութի շրջանի Ջրակուս գյուղից տեղահանվել ու հաստատվել էին Ստեփանակերտում։ Ներսեսը 3 եղբայր ու 1 քույր ունի։ Ամուսնացած է, ունի անչափահաս տղա ու աղջիկ, որոնք անհամբեր սպասում են իրենց հորը...

Հունան Թադևոսյան