Բժիշկը դիմել է Տիգրան Ավինյանին՝ գնահատելու և սանձելու Դավթաշեն համայնքի որոշ պաշտոնյաների գռեհիկ պահվածքը

Բժիշկը դիմել է Տիգրան Ավինյանին՝ գնահատելու և սանձելու Դավթաշեն համայնքի որոշ պաշտոնյաների գռեհիկ պահվածքը

Քաղաքացիները շարունակում են բողոքել պաշտոնյաների ոչ հարիր վարքագծից, որը երբեմն գռեհիկ դրսևորումներ է ստանում: Ցավոք, շատ են այնպիսինները, որոնք պետական կառույցներում աշխատանքի անցնելով՝ անկախ պաշտոնից, փոխում են իրենց վարքագիծը, մարդկանց սկսում են նայել վերևից, մունաթով խոսել, երբեմն էլ անցնել կոռեկտության սահմանները: 

Հերթական նման դեպքի մասին ահազանգում է բժշկական գիտությունների թեկնածու Լիլիթ Կուջոյանը: Ու քանի որ համայնքի ղեկավարությունը նրա բոլոր բողոքներին ու դիմումներին մատների արանքով է նայում, իսկ պաշտոն զբաղեցնող անձը շարունակում է էլ ավելի գռեհիկ իրեն պահել ու ակնհայտ թշնամանք ցուցաբերել իր նկատմամբ,

Կուջոյանը նամակով դիմել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի վերջինիս ուշադրության կենտրոնում լինի նաև այս հարցը: Ի վերջո, համայնքը ղեկավարելը նշանակում է նաև համապատասխան մարդկային բանկ կառավարել:

Խնդիրը մի քանի ամսվա պատմություն ունի. Մեկ շինարարությունը ավարտին չեն հասցնում, անհարմարություններ պատճառելով բնակչությանը, որը, սակայն, ամենևին չի բողոքում, բայց փոխարենը նամակում մատնանշվող անձինք են իրենց սանձարձակ պահում: Մեկ նրանք երկակի չափանիշներ են կիրառում բնակիչների հանդեպ՝ բաժանելով յուրայինների, որոնց արարքները ներվում ու աչքաթող են արվում, և ոչ յուրայինների, որոնց դեպքում կիրառում են «պատժամիջոցներ» կամ հղում են անում օրենքին, որի գոյությունը այլ դրվագներով ի սպառ մոռանում են:

Լիլիթ Կուջոյանը MediaHub-ին է փոխանցել իր նամակը քաղաքապետին՝ հույս ունենալով, որ գոնե այս անգամ այս ամիսներ տևող գռեհիկ դրսևորումները, նշված անձանց ոչ կոռեկտ պահվածքն ու սևեռվածությունն իր անձաի նկատմամբ ըստ արժանվույն կգնհատավեն:

 

Ներկայացնում ենք նամակը ստորև.

«Վերջին երկու ամսում Դավթաշեն վարչական շրջանի պատասխանատուների կողմից ենթարկվում եմ նվաստացման, բամբասանքի, անձնական վիրավորանքներով լի մի քանի դրվագներով երևույթներին։ Մի քանի անգամ դիմել եմ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ասլանյանին՝ ենթականերին սաստելու հորդորով, սակայն վերջինից ոչ միայն չեմ ստացել բանական պատասխան, այլ հակառակը՝ ենթակաների գործելաոճի արդարացում։ Ուստի, դիմում եմ Ձեզ, ակնկալելով անաչառ գնահատական և պաշտոնյաներին առնվազն վարչական տույժի ենթարկելը։

Խոսքը մի քանի դրվագներում (որոնք մանրամասնված են կից ներկայացվող տեսանյությում – խմբ.) վարչական շրջանի բաժնի պետերի՝ Սուրեն Սաֆարյանի և Ներսես Գալստյանի, գռեհիկ ու սանձարձակ, անձնական վիրավորանք պարունակող ու պատիվ և արժանապատվություն նսեմացնող, խոսույթի և վարքի մասին է։ Բնավ էական չէ, թե ինչ թեմայի շուրջ է եղել զրույցը։ Պետական պաշտոնյաները, համայնքային պատասխանատուն քաղաքացու, մասնավորապես՝ կնոջ հետ, բղավելով, վիրավորելով, տղամարդուն ու համայնքային ծառայողին ոչ հարիր տոնով ու ձևով, քաղաքային հեղինակություններով վախեցնելով և այլ դատապարտելի ձևերով շփվելու իրավունք չունեն:

Կարծում եմ՝ Դուք ևս կիսում եք այս տեսակետը, որ քաղաքացուն լռեցնելու դատապարտելի ոճ է։ Քաղաքային իշխանությունների կողմից անընդհատ քարկոծվում են նախկին բարքերը, բայց համայնքային ենթակաները նույնն են՝ տասնամյակներով վատ իմաստով կոփված, ծակուծուկեր սովորածները, որոնց անգործության պատճառով Դավթաշենում ոչ մի դրվագով բարելավում չի նկատվում։ Ավելին՝ ուսումնասիրության կարիք ունեն վերը նշածս անձանց կողմից տարբերակված մոտեցումները նույն հարցի շուրջ, բնականաբար, ըստ իրենց անձնական նախասիրությունների և շահույթի։ Ես, որպես մշտապես սոցիալապես ակտիվ քաղաքացի, առնվազն վերջին 20 տարիներին, մասնավորապես վերջին հնգամյակում այսչափ բարձիթողի վիճակ չեմ նկատել քաղաքային ոչ մի ատյանում, ի մասնավորի՝ վերջին մեկ տարում Դավթաշենի համայնքային կառույցներում։

Որպես բժիշկ հավելեմ, որ նմանօրինակ դրվագներից կարող են սրվել քաղաքացու մոտ առկա քրոնիկ հիվանդությունները՝ անկանխատեսելի հետևանքներով։

Տեղեկացնում եմ նաև, որ այս խնդրով դիմելու եմ բոլոր իրավապաշտպան, այդ թվում և կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպություններին, ինչպես նաև պաշտոնյաների բարեվարքության հարցերով զբաղվող ինչպես պետական կառույցներին, այնպես էլ տարատեսակ այլ կառույցներին, նաև լրատվամիջոցներին»։