ԱԳՆ-ից չեն պարզաբանում՝ Թուրքիա օգնության 3-րդ խմբաքանակ ուղարկում են, թե ոչ

ԱԳՆ-ից չեն պարզաբանում՝ Թուրքիա օգնության 3-րդ խմբաքանակ ուղարկում են, թե ոչ

Այսօր Հայաստանից մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը ուղարկվեց Սիրիա, ԱԳՆ-ից ասում են՝ մոտ 32 տոննա։ Արարատ Միրզոյանը անձամբ է գնացել Սիրիա՝ օգնությունը տեղ հասցնելու նպատակով։

Արդյո՞ք Հայաստանը մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը կուղարկի նաեւ ավերիչ երկրարաշարժից տուժած Թուրքիա. ԱԳՆ-ից չեն մեկնաբանում։

«Այս պահին միայն Սիրիայի մասով կարող եմ ասել, այլ տեղեկություն չունեմ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ 

Փետրվարի 9-ին էր Հայաստանը 100 տոննա բեռ ուղարկել Թուրքիա ավելի քան 30 տարի առաջ փակված Մարգարայի կամրջով, որը բեռն անցնելուն պես կրկին փակվեց։

Հետո ԱԳՆ-ից MediaHub-ին մեկնաբանեցին՝  «սա կոնկրետ մեկանգամյա մուտք էր՝ հումանիտար նպատակներով»։ 

Ավելի վաղ գրել էինք, որ Թուրքիա ուղարկված օգնությունից հետո հայ-թուրքական բանակցություններում պաշտոնական Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին եւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին՝ ուղարկված 100 տոննա բեռի համար, որի մեջ եղել է դեղորայք, ջուր եւ այլ պարագաներ։

Բացի հումանիտար բեռից, Հայաստանը Թուրքիա եւ Սիրիա ուղարկեց նաեւ փրկարարներով ձեւավորված խումբ՝ աղետի գոտում աշխատելու համար։ 

Լիա Սարգսյան