Սա կոնկրետ մեկանգամյա մուտք էր․ ինչո՞ւ բաց չմնաց Թուրքիայի հետ սահմանը

Սա կոնկրետ մեկանգամյա մուտք էր․ ինչո՞ւ բաց չմնաց Թուրքիայի հետ սահմանը

30 տարի առաջ փակված Մարգարայի կամուրջը, որով 4 օր առաջ Հայաստանը 100 տոննա մարդասիրական բեռ ուղարկեց Թուրքիայի աղետի գոտի, կրկին փակ է։

Ինչպես MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի պատասխանատու Վահան Հունանյանը՝ «սա կոնկրետ մեկանգամյա մուտք էր՝ հումանիտար նպատակներով»։ 

Թուրքիա ուղարկված օգնությունից հետո հայ-թուրքական բանակցություններում պաշտոնական Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը 3 օր առաջ շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին եւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին՝ ուղարկված 100 տոննա բեռի համար, որի մեջ եղել է դեղորայք, ջուր եւ շտապօգնության այլ պարագաներ։ 

«Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված օգնությունը՝ օգնելու մեղմել մեր ժողովրդի տառապանքները երկրաշարժից տուժած շրջանում»,-թվիթերում գրել է Քըլըչը: 

Հայաստանի դիվանագիտական այս ժեստը հուշում էր, որ Մարգարայի սահմանային ճանապարհը երկկողմանի բաց կմնա, հատկապես, երբ 44-օրյա պատերազմից հետո սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առանցքում նաեւ ցամաքային ու օդային ճանապարհների ապաշրջափակման հարցն էր։ Հունանյանի խոսքով՝ այդ ուղղությամբ կողմերը բանակցում են։

«Ինչպես գիտեք, 2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների միջեւ օդային բեռափոխադրումների իրականացնելու, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովելու մասով: Առաջին պայմանավորվածությունն արդեն իսկ կյանքի է կոչվել այս տարվա հունվարից, և մենք ակնկալում ենք որ երկրորդ պայմանավորվածությունը նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի: Այդ ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում»,- մեկնաբանեց Հունայանը՝ շեշտելով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում նպատակը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է եւ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը:

Լիա Սարգսյան