Բա ասում էիր՝ փշալարերը ժանգոտվելու են, Կասկածելի գործարքներ․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախածեռնած հանրահավաքի ընթացքում երեկ տեղի ունեցած վտանգավոր իրադարձությունները հաշվի առնելով, այդ թվում լուսաձայնային նռնակի կիրառումը, բախումները և ուժի կիրառումը, ԱԺ-ում նոր շրջաբերական է պտտվում։
Այսպիսով, երկրում ստեղծված իրավիճակի կրիտիկական լինելուն զուգահեռ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը նոր հրահանգ է իջեցրել, որում մասնավորապես ասվում է.
«ՀՀ ԱԺ վարչական տարածքում ՀՀ Պետական պահպանության ծառայության պետի հրամանի համաձայն իրականացվում է ուժեղացված ծառայություն։ Նշված հրամանի և ՀՀ ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների հիմքով ՀՀ ԱԺ մուտքը (ելքը) իրականացվում է որոշակի սահմանափակումներով։
13.06. 2024 թվականի ժամը 08:00-ից մինչև 22:00-ն ՀՀ ԱԺ պատգամավորների, պատգամավորների օգնականների և խմբակցությունների գրասենյակների աշխատողների մուտքը (ելքը) թույլատրվում է բացառապես Բաղրամյան պողոտայի 02 անցակետով։
Բացի վերը նշված անձանցից, այլ անձանց, այդ թվում քաղաքացիների, մուտքը (ելքը) ՀՀ ԱԺ տարածք բոլոր անցակետերով՝ արգելվում է»,- ասված է շրջաբերականում։
ԱԺ քառօրյան երեկ անհաջող ավարտվեց, ՔՊ-ականները հարցեր չուղղեցին Նիկոլ Փաշինյանին։ Նիստն ավարտվեց, բայց այնուամենայնիվ խուճապը և վախը «պաշարել է» ԱԺ անձնակազմին։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ Նիկոլ Փաշինյանն այլևս անկարող եղավ թաքցնել իշխանությունը կորցնելու և հայ ժողովրդի առջև պատասխան տալու իր սարսափները: Նախ՝ խորհրդարանում սկսեց անկանոն գոռգոռալ, ջղաձիգ շարժումներ անել, իսկ նիստերի դահլիճ մտնելիս անընդհատ անհանգիստ շուրջբոլորն էր նայում: Հետո նա նիստի ժամանակ բախում սադրեց պատգամավորների միջև: Ընդ որում՝ այդ ամենը, բնականաբար, նա անում էր հազարավոր ոստիկաններով շրջափակված խորհրդարանում: Նա Բաղրամյան ու Դեմիրճյան փողոցներն էր լցրել ոստիկաններ նաև մարզերից՝ ըստ էության տեղերում գրեթե ոստիկան չթողնելով:
Ավելին, լրատվամիջոցները կադրեր հրապարակեցին, որ մինչ ԱԺ նիստը սկսելը թիկնապահները հատ-հատ ստուգում էին բոլոր նստարանները, ժամեր շարունակ ուժայինները շրջափակել էին նիստերի դահլիճը, նույնիսկ պատգամավորների առանձնասենյակները: Մի խոսքով, խորհրդարանի տարածքն էլ էին լցրել անվտանգության աշխատակիցներով: Հետո եղավ այն, ինչ օրեր շարունակ զգուշացնում էին թե՛ քաղաքական գործիչները, թե՛ փորձագետները, թե՛ լրատվամիջոցները:
Նրա ուղիղ հրահանգով ոստիկանները վայրագորեն հարձակվեցին հայ ժողովրդի վրա, ինչի արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ լրագրողների շարքում: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հերթական անգամ հայի արյուն թափել, իսկ ինքը պարզապես ճողոպրեց Ազգային ժողովից: Ո՛չ հայի արյուն թափելու, ո՛չ ճողոպրելու առումով սա նրա կյանքի առաջին դեպքը չէ: Մեղմ ասած՝ առաջինը չէ... Մնում է հասկանալ՝ մինչև երբ է հաջողվելու ոստիկանության թիկունքում թաքնվել...
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Պատրաստվո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը կատարել տարիներ առաջ տված հրապարակային խոստումը, որ երբ հրապարակը` ժողովուրդը, պահանջի, ինքը կհեռանա,- երեկ հարցրել են նրան, սակայն Փաշինյանն իրեն բնորոշ աճպարարությամբ ասել է, թե ինքը նման հայտարարություն չի արել, եւ առաջարկել է հարց տվող լրագրողին՝ գտնել իր խոսքերը, անգամ թայմեր է դրել` 2 րոպե: Մեր լրագրողն էլ Փաշինյանին հիշեցրել է, որ ինքը խոստանում էր, թե ընդդիմության դեմ փռվող փշալարերը, իր իշխանության գալուն պես, «ժանգոտվելու են»` չեն կիրառվելու, հիմա ԱԺ-ի մոտ փշալարեր են քաշում:
Փաշինյանն ասել է, թե չի հիշում. «Ահագին ժամանակ է անցել, ես շատ հայտարարություններ եմ արել: Մեջբերում արեք, ինձ էլ թեգ կանեք, ես կտեսնեմ»: Հիմա մեջբերենք Փաշինյանի` 2018-ին վարչապետ դառնալու 100 օրվա կապակցությամբ ասածը. «Եվ հիմա ուզում եմ ասել, թե դա ինչ է նշանակում. գործնականում դա նշանակում է, որ հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունն ինչպես ձեւավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին եւ սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարեւորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում եւ կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը կամ կառավարությանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը: Եվ, ուրեմն, դուք եք Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն եւ միակ իշխանությունը: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ձեզ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հունիսի 6-ի գիշերը Երեւան-Սեւան ճանապարհին հնչած պայթյունը նոր հարցեր է առաջացնում. ինչ հանգամանքներում գազալցակայաններից մեկում պայթուն ու դրա հետեւանքով հրդեհ եղավ, եւ ինչով էին զբաղված պետական պատասխանատու գերատեսչությունները: Գազալցակայանը, որը պայթել էր, պատկանում է «Գազ օիլ» ՍՊԸ-ին, այն մի քանի անգամ պետական մարմինների կողմից, պարզվում է, տուգանվել է։ Գազալցակայանի եւ բենզալցակայանի տուգանքային պատմությունը տեսնելիս սակայն նկատելի է, որ շատ քիչ ժամանակաշրջան է այն առանց խնդիրների աշխատել։
ArmLur.am-ը գրել էր, թե վերջին 2 տարվա ընթացքում քանի անգամ է տուգանվել եւ ինչպիսի արգելքներ են դրվել ՍՊԸ-ին պատկանող լցակայանի վրա։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը այս տարի հայտնաբերել է, որ ԱՎՕ փորձաքննություն չի անցել տվյալ գազալցակայանը, ինչը ենթադրում է, որ այն անհապաղ պետք է դադարեցներ գործունեությունը, սակայն չի դադարեցրել: Հասկանալի է, որ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի ցուցումով միայն կարող էր նման որոշում կայացվել. իսկ թե ինչ մոտիվացիայով կարող էր տեսչականի ղեկավարը ներողամտություն ցուցաբերել, բարդ է ասել. համենայնդեպս, երբ ArmLur.am-ը դիմեց ՔՏՀԱ տեսչական մարմին, այնտեղից բացատրեցին, որ «Տեսչական մարմնի ղեկավարը, 2023 թվականից սկսած, բազմաթիվ ստուգումներ է իրականացրել, գազալցակայանների եւ բենզալցակայանների փակման որոշում է կայացրել։
Ընդհանուր առմամբ, կոնկրետ պայթյունի հասցեում գտնվող «Գազ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանին շուրջ 6 մլն դրամ եւ ավելի տուգանք է նշանակված եւ բռնագանձված։ Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործելու հիմքով կասեցում ունենք, վերջին հանձնարարականով ստուգումը եղել է 2024 թվականի հունվարի սկզբին. փետրվարի 19-ին Գարեգին Խաչատրյանի հետ համագործակցելով՝ Հարկադիր կատարման մարմինը ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանը կապարակնքել է. սակայն, պայթած լցակայանի սեփականատերն ասում է՝ «Ես ունեմ բոլոր փաստաթղթերը փորձաքննությունների»:
Նախագծային փաստաթուղթը չի ենթադրում, որ, օրինակ, փորձարկումն արվել է եւ լցակայանը ճանաչվել է անվտանգ շահագործման համար։ Տեսչական մարմին դիմել է, մենք շահագործման համար տվել ենք բացասական պատասխան»։
Տեսչական մարմնից բացառում են ղեկավարի կողմից գործարքների գնալու հանգամանքը, սակայն փաստն այն է, որ «խորհրդավոր» պայմաններում լցակայանը շահագործվել է՝ մի քանի տուգանքներ եւ արգելքներ կրելուն զուգահեռ»։