Հենց պատերազմ սկսվի՝ երկրի ղեկավարը կսկսի մեղադրել իր ոտքերի տակ գառ մորթած, իր առջև խաշլամա դրած ժողովրդին

Հենց պատերազմ սկսվի՝ երկրի ղեկավարը կսկսի մեղադրել իր ոտքերի տակ գառ մորթած, իր առջև խաշլամա դրած  ժողովրդին

Լիբանանահայ քաղաքագետ-կոնֆլիկտաբան Հովհաննես Յակուբեանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր էսկալացիայի համար հող է նախապատրաստում։ Այդ երկրի ռազմական գերատեսչությունը շարունակ ապատեղեկատվություն է տարածում՝ «Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի» վերտառությամբ։ 

«Ես ուշի ուշով հետևում եմ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, թեպետ մեզ մոտ Մերձավոր Արևելքում ևս նույն պայթյունավտանգ իրավիճակն է։ Սակայն, ի տարբերություն Իրան-Իսրայել տանդեմին, հայ-ադրբեջանական կոնֆլիկտը շատ ավելի խորքային է։ Թվում է Արցախը հայաթափելուց հետո խաղաղությունը պետք է մոտենար, որովհետև շատերի ընկալումներում՝ Արցախը զոհաբերվեց Հայաստանի փրկության համար։ Բայց դա միայն թվում է։ Հերթը Հայաստանինն է, ավելի հասցեական՝ Սյունիքինը»,-նշեց մեր զրուցակիցը։ 

Ըստ կոնֆլիկտաբանի՝ Ադրբեջանն անցած օրերին անդրադարձել է Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի տարածքում կառուցվող զորամասին։ Հետո սկսվել է ապատեղեկատվության տարափը, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ 

«Ցավոք, Հայաստանի ներկայիս իշխանությունը բավարարվում է ՊՆ էջով լուրեր հերքելով միայն, քաղաքական որևէ գնահատական չի հնչում։ Զուգահեռ իրականությունում խաշլամայի փարթիներ ու հեծանվավազքի շոուներ են։ Նիկոլ Փաշինյանը գիտի ինչպես կերակրել իր ընտրազանգվածին։ Բայց երբ սահմանը վտանգվի և կամ լայնամասշտաբ պատերազմ սկսվի, նույն ղեկավարը կսկսի մեղադրել իր ոտքերի տակ գառ մորթած, իր առջև խաշլամա դրած  ժողովրդին»,-վստահեցնում է քաղաքագետը։ Հովհաննես Յակուբեանի խոսքով՝ Ադրբեջանն առայժմ հայկական կողմի տրամադրություններն է ստուգում։ Թե ինչ է անելու հետո՝ անգամ չեմ ուզում բարձրաձայնել։ Վլադիմիր Պուտինի այցը Ադրբեջան՝ դրա ամենացցուն օրինակն է»։

Քարաշենում ընդամենը մեկ զորամասի կառուցման մասին լուրն արդեն մի քանի օր է ադրբեջանական լրատվամիջոցների թոփ թեման է։ Յակուբեանը սակայն,  այստեղ մեղադրում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը, որը երբևէ չի արձագանքել Հայաստանի «քթի տակ»՝ Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի ու մյուս եղբայրական պետությունների հետ համատեղ անցկացված  6 տասնյակից ավելի զորավարժությունուններին։ 

«Հայաստանի գոյությունը երբևէ այսքան փխրուն չի եղել։ Միակողմանի զինջումներն ու թույլ ղեկավարվող համակարգերը, պատերազմում տանուլ տված վիճակն ու Արցախի հանձնումն էլ ավելի են վտանգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ի՞նչ ինքնիշխանություն և կամ իրական Հայաստան, եթե քո կիրթ ու կառուցողական թշնամին քո իրական հայրենիքն օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ ներկայացնում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ Հայաստանի իշխանությունը նորից կրկնեմ, զբաղված է խաշլամա- տոլմա փարթիներով, լոբի մաքրելու տեսարաններով»,-հավելեց նա։